Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախից, մասնավորապես՝ Հադրութից, Շուշիից տեղահանվածները:
Նրանք բարձրաձայնում են իրենց բնակարանային և սոցիալական խնդիրների մասին, շեշտում՝ արդեն տասը ամիս է՝ դուրս են եկել Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից, սակայն դեռ լուծված չէ իրենց բնակարանային խնդիրը:
Նաև նշում են, որ եթե պետք է իրենց համար բնակարան կառուցվի Արցախում, ապա իրենք կվերադառնան միայն այն դեպքում, երբ լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Մտադիր են նամակներ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ:
Նրանց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Երբ մենք ասացինք, որ բնակարանները ապահովելու համար դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեն՝ ով որտեղ ցանկանում է՝ էնտեղ, նրանք մեզ պատասխանեցին, որ դեմոգրաֆիական հարցեր լուծելու համար Արցախում ենք տուն կառուցելու, հատկապես Հադրութի և Շուշիի շրջանի բնակիչների համար: Մենք դեմ չենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը: