Հայաստանի պետական գնումների համակարգում վերջին տարիներին մեկ անձից կատարվող գնումների չափը հիմնականում փոփոխության չի ենթարկվել: Որոշակի բացասական միտում կար կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում, երբ պետությունը ստիպված մեկ անձից գնման տարբերակով է հրատապ կարիքները բավարարել, սակայն ընդհանուր ցուցանիշների մեջ այն մեծ տեղ չի զբաղեցնում:
Սերգեյ Շահնազարյան (ՀՀ ՖՆ Գնումների քաղաքականության վարչության պետ) - Մեկ անձից գնման երկու տարբերակում կա: Կան գնումներ, որոնք արվում են մեկ անձից գնման ձևով, որովհետև չկա մրցակցություն, և կան գնումներ, որտեղ կա այդ մրցակցությունը, բայց կարիքի բավարարումն է հրատապ: Մրցակցության բացակայությամբ կատարվող գնումների ցուցանիշը դա միշտ, կարելի է ասել, ամեն տարի կազմում է գնումների համար հատկացվող միջոցների 45-50 տոկոսը:
Մեկ անձից գնումների մեծ մասը, որտեղ մրցակցություն չկա՝ հիմնականում վերաբերում են՝ հանրային ծառայությունների մատուցմանը: Իսկ հրատապ գնումները 5-7 տոկոս են կազմել:
Սերգեյ Շահնազարյան - Էստեղ կարևոր է հրատապը նայելը, որովհետև մյուս մասը մրցակցության բացակայության գնումներն են, որ միշտ՝ ամեն տարի, անկախ նրանից՝ քովիդ է թե քովիդ չէ, ինքը 45-50 տոկոսի միջակայքում է: Դա լույսն է, գազն է, ջուրն է, պոլիկլինիկաներն են, հիվանդանոցային ծառայություններն են:
Պետական գնումներն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունները ևս հետևողական են գործընթացի թափանցիկության նկատմամբ:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Մեր վերջին ուսումնասիրության համաձայն, որը մենք իրականացրել ենք գնումների հաշվետվողականության կայքի տվյալների հիման վրա, 2021 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ ընդհանուր գնումների քանակական առումով 41 տոկոսը և արժեքային առումով 52 տոկոսը կամ մոտավորապես 131.8 մլրդ դրամի գնումները իրականացվել են ոչ մրցակցային ընթացակարգով»:
Միևնույն ժամանակ Բուռնազյանը նշում է, որ կան դրական միտումներ:
Արմենուհի Բուռնազյան - Մրցակցության առումով ունենք որոշակի դրական միտումներ: Եվ մյուս դրական միտումն այն է, որ երբ մարտին կառավարությունը փոփոխություն կատարեց, այդ որակավորման ապահովման պայմանների խստացումը արդեն մի փոքր ավելի մեղմեց, այդ առումով մենք ևս տեսանք դրական միտում, քանի որ մասնակիցների թիվը տարբեր մրցույթներին տեսնում ենք, որ ավելի շատ են:
Օրեր առաջ Ազգային ժողովում թեմային անդրադարձել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե վերջին 3 տարվա ընթացքում 1 անձից գնումների ծավալը հասել է 70 տոկոսի: Պետական մարմիններում, մինչդեռ, նշում են՝ ամեն ինչ բաց և թափանցիկ հրապարակվում է, և այդ թվերը անգամ չեն մոտենում 70-ի:
Սերգեյ Շահնազարյան - Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ այդ 70 տոկոսը որտեղից է վերցված, որովհետև գնումների տարեկան հաշվետվությունը հրապարակված է gnumner.am կայքում, այնտեղ կան այդ թվերը: Ես արդեն ասացի այդ թվերը, եթե 2 մեկ անձը գումարենք իրար դա մոտավորապես ամեն տարվա կտրվածքով կլինի 53-54 տոկոս:
Ոչ մրցակցային ընթացակարգերով գնումները հիմնականում կատարում են առողջապահության և պաշտպանության նախարարությունները. մասնագետները դա պայմանավորում են օբյեկտիվ հանգամանքներով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան