Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ապօրինի է համարում Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարները կանգնեցնելու և գումար պահանջելու Ադրբեջանի գործողությունը:
Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ խնդրի դեպքում իրանական բեռնատարները կանցնեն ադրբեջանական անցակետը շրջանցող ճանապարհով:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այլընտրանքը մենք անում ենք, որպեսզի վարորդները հնարավորություն ունենան շրջանցել 3.5 կմ-անոց այդ հատվածը: Այսօր էլ Կապանից դեպի Գորիս այդ հատվածը Տաթևով շահագործվում է: Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, հերթեր չկան կուտակված, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է: Դա խնդիր է առաջացնելու Իրանի ու Ադրբեջանի միջև, հաստատ, որովհետև դա, ոնց որ թե, մաքսային ծառայություն չի, բայց մաքսատուրքի գանձման տպավորություն է թողնում:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԻՆ
Ճեպազրույցի հաջորդ թեման ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատն էր: «Քաղաքացիական պայմանագրից» Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց՝ գանգատը Հայաստանի պատկան մարմինների ամիսների աշխատանքի արդյունքն է:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ողջ փաստահավաք աշխատանքն իրականացվել է առանց հանրությանն ավելորդ ցնցումների մեջ գցելու՝ տարբեր ասուլիսների միջոցով: Քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տրվել Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ՝ զառանցանք որակեց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով Հայաստանի դեմ նույնատիպ գանգատ ներկայացնելու վերաբերյալ:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Տեքստից և բովանդակությունից պարզ է, որ այն նաև հենց վերաբերում է 44-օրյա պատերազմին: Այդտեղ կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, ոչ միայն Ադրբեջանի, որովհետև դուք կհիշեք, որ հենց նույն 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածվածին, կարծում եմ՝ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, առավել ևս միջազգային իրավունքի»:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻՑ
Խորհրդարանական ընդդիմությունը չի հրաժարվել նաև փողոցային պայքարից. հայտարարեցին, թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ առաջիկայում դարձյալ կլինեն փողոցային ակցիաներ և այլ գործողություններ:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվելու փողոցային պայքարից, այս փուլում շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել և ինչպես անել, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները»:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապային ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է: Ինչ հնարավորություն լինի՝ ԱԺ հարցապնդումից մինչև հերթական բուհի կամ վարչատարածքային միավորի գրասենյակի կամ փողոցի գրավումը, փակումը և ակցիան օգտագործվելու է:
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ Է. ՏԻԳՐԱՆՅԱՆ
Պատգամավորները չշրջանցեցին նաև պարգևավճարների թեման: Նախ՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պարգևավճար է տրվել բոլոր պատգամավորներին, ապա քաղպայմանագրից Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանեց՝ ֆինանսական պարգևատրումը անկախության տոնի առիթով է:
Հերիքնազ Տիգրանյան - Ազգային ժողովի ամբողջ աշխատակազմը և պատգամավորները, անկախ՝ որ խմբակցության պատգամավորներ են, Անկախության տոնի առթիվ ստացել են իրենց որպես սիմվոլիկ պարգև, պարգևատրման տեսքով գումար: Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին:
Անդրադառնալով պարգևավճարներին՝ Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարգևատրման ինստիտուտի առնչությամբ բողոքով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան