Հայաստանը լիարժեքորեն ընդունել և կիրառում է իրական շահառուների թափանցիկությունն ապահովող օրենսդրությունը: Այս թեմայով աշխատանքային քննարկմանը հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Հունիսի 3-ին ընդունվել և մոտ երկու շաբաթ անց ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, որոնց համաձայն բիզնեսի բոլոր ոլորտները ենթակա են հայտարարագրման:
Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ - Նախորդ տարի օրենքը վերաբերում էր միայն հանքարդյունաբերողներին: Այսօր արդեն բոլոր լիցենզավորվող ընկերությունները, այդ թվում՝ հեռուստառադիոընկերությունները, պարտավոր են մինչև նոյեմբերի 1 հայտարարագիր ներկայացնել պետական լիազոր մարմին՝ ներկայացնելով իրենց իրական շահառուների վերաբերյալ տվյալներ
Իրավական կարգավորումները հստակ սահմանում են, թե ինչ տվյալներ պետք է ներկայացվեն: Եթե դրանք կեղծ են կամ թերի, ենթադրվում է վարչական պատասխանատվություն, իսկ եթե դիտավորյալ են կեղծ տվյալներ հայտարարագրվել, ապա այն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Դոյդոյանի գնահատմամբ՝ օրենքի կիրառումը կբացառի կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացնի բիզնեսի պատասխանատվությունը:
Շուշան Դոյդոյան - Քաղհասարակության խմբերը լուրջ անելիք ունեն այս ոլորտում, ուսումնասիրելով հրապարակված տվյալները՝ նրանք կարող են լուրջ բացահայտումներ անել, օրինակ, պետական պաշտոնյաների կապակցվածությունը մասնավոր բիզնեսի հետ:
Դեռևս 2018-ին կառավարությունը բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով ապահովելու պարտավորություն էր ստանձնել։
Ըստ Դոյդոյանի՝ բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը: