Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր իրականացնել:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով:
«Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ` դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: