ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով:
Լսումներին հրավիրված են Աժ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ հայտնում են ԱԺ-ից:
2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»:
Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորմամբ ձևավորվել է թվով 54 համայնք: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:
Խորհրդարանական լսումները բոլոր կողմերին իրենց կարծիքներն արտահայտելու, նրանց առաջարկություններն ու դիտողությունները քննարկելու նպատակ ունեն: