Անկարան և Բաքուն վերջին շրջանում մի շարք զորավարժություններ են անցկացրել։ Ադրբեջանը և Թուրքիան սեպտեմբերի 6-ին մարտական կրակով համատեղ զորավարժություններ են սկսել Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքից ոչ հեռու: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, իսկ համաձայն 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է, Ադրբեջանն էլ երաշխավորում է այդ միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երկու ուղղությամբ:
Մեկ այլ թուրք-ադրբեջանական զորավարժություն էլ անցկացվեց Կասպից ծովում, որն արժանացավ Իրանի քննադատությանը: Պաշտոնական Թեհրանի գնահատմամբ՝ թուրք զինվորականների ներկայությունը վարժանքներին Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի խախտում է: Ինչպե՞ս է այս սադրիչ զորավարժություններին վերաբերվում Մոսկվան և դրանք արդյոք չե՞ն խոչընդոտում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման ջանքերին, «Լուրերի» հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանում է:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Ռուսաստանն իր դիրքորոշումը հայտնել է Բաքվին: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն ըմբռնումով է մոտեցել այդ դիրքորոշմանը, ձեռնպահ կմնամ հանրային մեկնաբանություններից: Մենք ադրբեջանցի գործընկերների հետ կապի մեջ ենք:
Ադրբեջանական կողմն ստուգում է իրանցի վարորդների փաստաթղթերը և նրանց բեռները Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, իրանցի վարորդներից նաև գումար են գանձում: Փաստացի, Ադրբեջանը խոչընդոտում է ճանապարհի այդ հատվածով միջազգային տարանցմանը՝ չնայած առկա պայմանավորվածություններին։ Ադրբեջանական կողմի քայլերի հետ կապված՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծում է՝ Մոսկվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է ուղարկել Հայաստանին ևւ Ադրբեջանին ու սպասում է պատասխանի:
Մարիա Զախարովա - Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտակայքում, իրավիճակի զարգացումը հերթական անգամ ընդգծում է սահմանի սահմանազատման իրականացման և դրա հետագա սահմանագծման պահանջը: Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Մենք ակնկալում ենք արագ պատասխան՝ հետագա ընթացքն ուղենշելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք համատեղ ջանքերը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների:
Սեպտեմբերի 6-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ գյուղերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը երկու անգամ գնդակոծել է հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Գնդակոծությունների հետևանքով տուժել էր Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Զախարովան չի մեկնաբանում՝ նշելով, որ այդ հարցով պետք է դիմել Պաշտպանության նախարարությանը: