Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 2020-ի պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Ստեփանակերտի ու Երևանի աշխատանքային խմբերն ընդունել են աջակցման 8500 հայտ, որից արդեն հաստատվել է 640-ը:
Մարատ Հասրաթյան, Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ - Այդ հայտերի մասով ունենք հաստատված 2 միլիարդ 600 միլիոնի վնասի, այսինքն՝ աջակցության չափ, որից 1 միլիարդ 200 միլիոնը կանխիկ, այսինքն՝ բանկային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ մնացած 1 միլիարդ 400 միլիոն դրամի կարգի աջակցությունը կտրամադրվի մուրհակների տեսքով:
Մուրհակ են ստանում այն քաղաքացիները, ում համար սահմանվել է 5 միլիոն դրամից ավելի աջակցություն: Մինչև 5 միլիոն դրամը գործադիրը տրամադրում է կանխիկ: Այսօր կազմակերպվել է գանձապետական հասարակ մուրհակների առաջին թողարկումը: Դրանք ունեն 5 տարվա ժամկետ և 7 տոկոս տարեկան եկամտաբերություն:
Նորայր Ավանեսյան, Արցախի ֆինանսների նախարար - Եկամտաբերությունը հաշվարկվում է թողարկման օրվանից՝ եռամսյակային պարբերականությամբ: Մինչև յուրաքանչյուր եռամսյակից հաջորդող ամսվա 15-ը հաշվեգրված եկամուտները փոխանցվելու են մուրհակատիրոջների բանկային հաշիվներին: Մուրհակները չեն կարող գրավադրվել կամ օտարվել:
Վազգեն Հարությունյանին պատկանող 4,6 հեկտար մակերեսով այգին մնացել է թշնամու վերահսկողության տակ: 1 հեկտարի դիմաց 3 միլիոն դրամ է պետական աջակցությունը: Քաղաքացու կողմից բիզնես ծրագրի ներկայացման դեպքում պետությունը պարտավորվում է գումարն ուղղել դրա իրագործմանը:
Վազգեն Հարությունյան, ծրագրի շահառու - 5 միլիոն տրամարդել են, մնացածը մուրհակի կարգով այսօր ստացել ենք: Մտածում ենք, տեսնենք՝ գուցե օգտվենք ինչ-որ աջակցության ծրագրից: Եթե հարմար ծրագիր չունենանք, գումարը կմնա մինչև ժամկետի լրանալը:
Նյութական վնասներ կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության՝ վստահեցնում են Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեում: Արտահերթ սպասարկվում են միայն պատերազմում զոհվածների և անհետ կորածների ընտանիքի անդամների դիմումները:
Մարատ Հասրաթյան - Հայտերի բավարարման գործընթացն ամենևին կապ չունի վնասի չափից: Այսինքն՝ մենք քննարկում և որոշումներ ենք կայացնում ըստ հերթականության:
Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությամբ թշնամու վերահսկողության տակ մնացած հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների գծով աջակցությունը վերանայվել է: Հասարակական շինության համար հաշվարկվում է կադաստրային արժեքի եռապատիկը, արտադրականի համար՝ յոթնապատիկը: