Արարատի քաղաքային զբոսայգում վերջին անգամ շինարարական աշխատանքների ձայն լսվել է 1985 թվականին: Դրանից հետո սաղարթախիտ ծառերով այգին աստիճանաբար նոսրացել է, գույքն էլ՝ փչացել:
Հայկ Հայկյան (Արարատ համայնքի ղեկավար) - Այգին կորցրել էր իր տեսքը, ծառերը չորանում էին՝ ոռոգման համակարգի բացակայության պատճառով:
Այս տարի քաղաքում իրականացվող հերթական սուբվենցիոն ծրագրով կվերականգնվի այգու երբեմնի տեսքը: Դրա համար 70 միլիոն քաղաքային բյուջեից է հատկացվել, 30 էլ՝ պետական:
Հայկ Հայկյան - Նախկին գործող շատրվանները, որ չէին գործում, վերանորոգվելու են, այգին լուսավորվելու է, ոռոգման ցանց է անցկացվել, այսինքն՝ մենք ունենալու ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այգու սպասարկման համար:
Այգու բարեկարգման աշխատանքները կավարտեն դեկտեմբերին: Գարնանը նախատեսում են ծառատունկ՝ 1000 ծառ կտնկվի:
Արարատի մարզի Ազատավան համայնքում էլ բնակիչների վաղեմի երազանքն է իրականանում: Գյուղը վերջապես մանկապարտեզ կունենա:
Պետիկ Ղազարյան (Ազատավան համայնքի ղեկավար) - Երեխեքը միշտ գնացել են Արտաշատ, կողքի գյուղեր, բայց հիմա արդեն գալու են մեր համայնքի մանկապարտեզը: Կողքի գյուղերից էլ ենք երեխաներ ընդունելու: Էսօրվա դրությամբ մանկապարտեզը 100 տեղանոց է, 75-80-ը մեր գյուղից կլինի:
Ազատավանում սուբվենցիոն ծրագրի երրորդ փուլով իրականացվում է բակի բարեկարգման աշխատանքները, որի արժեքը 16 միլիոն դրամ է: Ոչ միայն մանկապարտեզ են կառուցել, այլև մանկապարտեզ տանող բոլոր ճանապարհները դարձրել են կարճ ու հեշտ երեխաների համար:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի Արարատի մարզի 59 համայնքի ներկայացրած 103 հայտից հավանության է արժանացել 78-ը: Դրանցից 9-ն արդեն ավարտվել են, 23-ը շինարարական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 4.5 միլիարդ դրամ է՝ կրկնակի ավելի նախորդ տարվանից:
Վարդան Սաֆարյան (Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Ունենք շուրջ 11 ոռոգման ծրագեր, որ շատ արդիական է Արարատյան դաշտավայրի համար: Ունենք մանկապարտեզների հետ կապված աշխատանքներ, զբոսայգու բարեկարգման, գազիֆիկացման աշխատանքներ:
Արմեն Պողոսյան (Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Մեծ ուրախություն է բնակիչների համար, որ իրենք կունենան կապույտ վառելիք:
Խոսքը Արարատի մարզի սահմանամերձ Ռանչպար համայնքի մասին է: Ձմռանն արդեն նախապատրաստված, վառելափայտ կուտակած ռանչպարցիները շուտով ջեռուցման հարցը լուծելու այլ տարբերակ կունենան:
Համայնքում գազիֆիկացման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են տեղահանված, Ռանչպարում բնավող արցախցիները:
Կամո Ղուլյան - Ես Հադրութից եմ, Դրախտիկ գյուղից, էն որ ասում են՝ արհեստավորը մինչև կեսօր է սոված: Իմ արհեստով եմ զբաղվում:
Ծրագրի ընդհանուր արժեքը 126 միլիոն դրամ է, որի 65%-ը հատկացնում է կառավարությունը: Այս տարվա ծրագրով կապույտ վառելիքից կօգտվի համայնքի 75%-ը:
Մարզի մեկ այլ՝ Նորաբաց համայնքում էլ ընթացքի մեջ է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 140 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
Գալուստ Գալստյան (Նորաբաց համայնքի ղեկավար) - Առաջինը ասֆալտապատումն է՝ 1.08 երկարությամբ, իսկ երկրորդը ցերեկային լուսավորության արդիականացման ծրագիրն է:
Թարմացվող լուսային ցանցի երկարությունը շուրջ 5 կմ է: Գյուղը լուսավորություն ունեցել է, հիմա արդիականացնում են լեդ լուսատուներով, որ ծախսը մեծ չլինի:
Գալուստ Գալստյան - Արդիականացման հաշվին մենք ունենում ենք խնայողություն, խնայողության հաշվին էլ գիշերային լուսավորվող ժամերն ենք ավելացնելու: Հիմա մեզ մոտ լույսերը գիշերն անջատվում են՝ ժամը 2-ին, հույս ունեմ՝ ծրագրի ավարտից հետո 1 ժամով կերկարացնենք:
Պետական միջոցներով համայնքում իրականացվում է նաև ասֆալտապատման աշխատանք 5.2 կմ երկարությամբ: Այս ճանապարհով Մասիսը Նորաբաց համայնքի միջով կապվում է մայրաքաղաքին: