ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը սեփական միջոցների հաշվին կիրականացնի հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ:
«Մեր պատմական արժեքների պահպանությունը բացառապես պետական միջոցներով իրականացնել հնարավոր չէ: Մեր բնակավայրերում գտնվող արժեքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը: Չափազանց կարևոր է, որ պատմամշակութային արժեքների պահպանության գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գնալով ավելի սերտանա: Հուշարձանների պահպանության խորհուրդն ավելի խորն է, քան առանձին վերցրած մի կոթողի ամրակայումը: Սա հանրության բարոյական առողջության բարելավմանը միտված գաղափար է, երբ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, միավորվում են հուշարձանների պահպանության գաղափարի շուրջ` գիտակցելով դրա պատմական կարևորությունը: Սա պետք է դառնա հանրային ուղերձ, և հասարակության մեջ պետք է նաև դրական վերաբերմունք ձևավորվի մեկենասության նկատմամբ` որպես ազգանվեր գործի»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Կարծում եմ, որ մենք կատարում ենք ընդհանուր գործ մեր հայրենիքի և մեր սերունդների համար, որպեսզի ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չմոռացվի, թե մեր ազգն ինչպիսի արժեքներ է ստեղծել»,- նշել է «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը` շնորհակալություն հայտնելով նախարարությանն իրենց հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:
Նշենք, որ համագործակցության հուշագրով հուշարձանների վերականգնման ընթացքում նախատեսվում են նաև հանրային լուսաբանման աշխատանքներ:
ՀՀ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, գտնվում է Քասախ գետի կիրճի աջակողմյան բլրի վրա։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից և գավթից: Անվանումն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչի» անունից։