Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ:
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստվում է առաջիկա օրերին հակընդդեմ հայց ներկայացնել Հայաստանի դեմ:
«Լուրեր»-ի թղթակիցն ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում երկու փաստերի առթիվ մեկնաբանություն է խնդրել «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանից:
«Հաղորդագրությանը, որը տարածվեց, ծանոթացել եմ: Տեքստից և բովանդակությունից պարզ է, որ այն վերաբերում է նաև 44-օրա պատերազմին: Այդտեղ կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, ոչ միայն Ադրբեջանի, որովհետև դուք կհիշեք՝ հենց միայն 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանությունների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածվածին, կարծում եմ՝ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, առավել ևս՝ միջազգային իրավունքի: Միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային իրավունքի մի շարք նորմերի՝ ուժի արգելման սկզբունքի խախտում»,- ասել է Վարդևանյանը: