ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն անցկացված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն ամփոփվել է։ Այս տարի այն իրականացվել է հիբրիդային ձևաչափով՝ երկու փուլով. առաջին փուլը՝ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն ավանդական (օֆլայն, 41 օր) և երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 3-7-ն առցանց (օնլայն, 5 օր) ձևաչափերով։
Փառատոնային ծրագիրն իրականացվել է Երևանում և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում՝ Իջևան, Դիլիջան, Գավառ, Մարտունի, Վանաձոր, գ. Վահագնաձոր, Սպիտակ, Գյումրի, Գորիս, Կապան, գ. Տեղ, գ. Շինուհայր:
Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:
17-րդ «Ռոլան» փառատոնի մրցութային անվանակարգերի հաղթողներն են.
1. «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 11 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Մարատ Նարիմանով, Ռուսաստան)։
2. «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 9 ֆիլմ, լավագույն երկարամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա), լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Հյուգո Կաբի, Անտուան Դյուպրիես, Օբին Կուբիակ, Լուկաս Լերմիտ, Զոյե Դևիզ, Ֆրանսիա)։
3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Սպիտակի Ա. Շիրակացու անվ. N 8 դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էր 5 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը (ռեժիսոր` Ալյոնա Բարանովա, Չեխիա):
4. «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Երևանի Վ. Մայակովսկու անվ. N 7 հիմնական դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Արթուր Միքայելյան, Գայանե Բաբայան, Հայաստան)։
5. «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը (ռեժիսոր` Սամուել Ռոսսի, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա):
6. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): Անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը (հեղինակներ՝ Լիլիթ Մինասյան, Անուշ Մկրտումյան, Ալեքս Աղաբաբյան, Հրաչ Նալբանդյան, Անահիտ Հարությունյան, Հասմիկ Բաղդասարյան, Մերի Մալխասյան, Աղասի Բարսեղյան, Հայկ Եղիկյան, Մարտին Ասցատրյան, Հասմիկ Հարությունյան, Հակոբ Պետոյան, Անահիտ Պետրոսյան, Դավիթ Ապերյան, Գևորգ Մովսիսյան, Դավիթ Հովակիմյան, նախագծի ղեկավար՝ Արուսյակ Զախարյան, Հայաստան)։
7. «Լավագույն անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգ (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Աղբ» ֆիլմը (ռեժիսոր՝ Լուկա Դելլա Գրոտտա, Ֆրանչեսկո Դաֆանո, Իտալիա): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 11 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Շումի ոդիսականը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժուլիեն Բիզարո, Ֆրանսիա, Բելգիա):
8. «Լավագույն խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգ՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Հորթուկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Վիկտորիա Ռունցովա, Ռուսաստան):
9. «Գրան Պրի» մրցանակ: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց, Հայաստան):
Նշենք, որ Երևանում և ՀՀ 5 մարզերում իրականացվել է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացվել են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը (հեղինակներ՝ «Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժ.՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021 թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ.՝ Ա. Միքայելյան, 2016 թ.) անիմացիոն ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Ա. Միքայելյան, 2008 թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ.՝ Ռ. Փաշինյան, 2016 թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ. Ստեփանյանի հիշատակին:
Փառատոնի շրջանակում իրականացվել են 3 ֆիլմերի պրեմիերաներ. «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021 թ.), «Ջիմ Բաթթոնը և Վայրի 13-ը» (ռեժ.՝ Դ. Գանսել, Գերմանիա, 2021 թ.), «Բարբոսկիններն ամառանոցում» (ռեժ.՝ Ֆ. Դմիտրիև, Ե. Գալդոբինա, 2020 թ.):
Նշենք նաև, որ փառատոնի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են ֆիլմերի ցուցադրություններ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ դպրոցներում, նախակրթարաններում, ամառային ճամբարներում, ՀԿ հարթակներում։ Տեղի են ունեցել վարպետության դասեր, հարց ու պատասխան քննարկումներ, հանդիպումներ դպրոցներում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով սահմանամերձ մարզերի և Արցախի երեխաներին, պատանիներին, երիտասարդներին:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերից «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ կիրականացվի «17-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը «ԹՈՒՄՈ»-ում» խորագրով ֆիլմերի ցուցադրությունների հատուկ ծրագիրը։ Այն կանցկացվի «ԹՈՒՄՈ» կենտրոնի Երևանի, Գյումրու, Դիլիջանի և Ստեփանակերտի մասնաճյուղերում: