ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նոր դաշինքի ստեղծման մասին նախագահ Ջո Բայդենի, վարչապետներ Բորիս Ջոնսոնի և Սքոթ Մորիսոնի համատեղ հայտարարությունից հետո Փարիզն ու Բրյուսելը չեն թաքցրել իրենց հիասթափությունը եռյակի որոշումից՝ գրում է Euronews-ը:
«Թրամփի ոճով» Բայդենի քայլը Բրյուսելի համար անակնկալ էր։ «Դա վկայում է այն մասին, որ Եվրոպան պետք է հույսը դնի միայն իր վրա»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Այդ դաշինքի արդյունքում առաջինը տուժեց Ֆրանսիան՝ կորցնելով Ավստրալիայի համար 12 նոր սուզանավերի կառուցման բազմամիլիոնանոց պայմանագիրը: Ըստ նոր պաշտպանական համաձայնագրի՝ ԱՄՆ-ը ավստրալական կողմին է հանձնելու միջուկային ուժային կայանքներով սուզանավերի կառուցման տեխնոլոգիաները։
Եվրոպայում նշում են Վաշինգտոնի կուրսի փոփոխության մասին, Սպիտակ տունը հերքում է՝ պատճառաբանելով, թե գործարքի նպատակն է պաշտպանել հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կողմերի ընդհանուր շահերը և միավորել իրենց ուժերը ռազմավարական ոլորտում, դաշնակիցների մեջ պառակտման մասին խոսք չկա: Դա, իհարկե, չի գոհացրել եվրոպացի առաջնորդներին, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ «դաշնակիցներն այդպես չեն վարվում»: