Ֆրանսիայում բժշկական հաստատությունների մոտ երեք հազար աշխատակից հեռացվել է աշխատանքից։ Տարբեր պատճառներով նրանք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, գրում է Euronews-ը։
Բժիշկների պարտադիր պատվաստման մասին կառավարության որոշումը հայտնի էր դեռ մի քանի շաբաթ առաջ։ Սակայն շատերը մինչև վերջ չէին հավատում, որ իշխանությունը խոսքից կանցնի գործի։
Արհմիությունները մատնանշում են անձնակազմի պակասի խնդրի մասին, որոշ հիվանդանոցներում ստիպված են եղել շտապ միջոցներ ձեռնարկել։ Իշխանությունները, սակայն, վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկվում է։ Եվրոպայում աննախադեպ է համարվում երեք հազար բուժաշխատողների պայմանագրի գործողության ժամանակավոր դադարեցումը:
Կոշտ քայլերի են դիմել նաև Իտալիայի իշխանությունները՝ պետական և մասնավոր հատվածների համար հաստատել են սանիտարական անցումների համակարգ, աշխատանքից հեռացրել են բուժհաստատությունների 700-ից ավելի աշխատակիցների: Նրանք, ովքեր կհրաժարվեն ներկայացնել պատվաստման վկայական, բացասական թեստ կամ հիվանդության մասին տեղեկանք, կարող են մնալ առանց աշխատավարձի կամ վճարել 400-ից մինչև 1000 եվրո տուգանք: