Արցախյան պրեմիերայի հաջողությունից հետո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությամբ Երևանում է և 3 օր շարունակ՝ սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին, Պարոնյանի անվան թատրոնում այն կներկայացնի երևանցի հանդիսատեսին: Նյույորքաբնակ դերասանուհի, ռեժիսոր Կարինե Քոչարյանը մոսկվաբնակ Նարինե Աբգարյանի գործը հենց Ստեփանակերտում բեմադրելու որոշումը կայացրել է 44-օրյա պատերազմից հետո:
Ստեփանակերտում անցկացրած հինգ ամիսը ռեժիսորի համար բացահայտումների ու հայտնությունների շրջան էր, գնացել էր արցախցիներին զորակցելու, մինչդեռ հասկացել է՝ ավելի շատ ինքն է հույս, հավատ և ուժ ստացել նրանցից: Թատերախումբն էլ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործության մեջ Արցախի և համայն հայության ապրածի խտացումն է տեսել ու մեծ ոգեշնչումով խաղացել:
Նարինե Աբգարյանի մեծ ու լուսավոր գրականությունը, դատարկվող ու մեռնող հայկական գյուղի պատմությունը, ռեժիսորը մարդու հետ՝ մարդու մասին խոսելու ևս մեկ առիթ է համարում և այն վերածել է սիրո, ապրելու ուժի և վերածնվելու կամքի մասին հուզիչ թատերական պատումի:
Մոտ 2,5 ամիս ռեժիսորն աշխատել է Նարինե Աբգարյանի ստեղծագործությունը թատրոնին հարմարեցնելու համար՝ առավելապես հեղինակային տեքստը վերածելով երկխոսությունների:
Երևանյան ներկայացումներից հետո թատերախումբը հանդես կգա նաև Արտաշատում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում:
Հոկտեմբերի սկզբին Կարինե Քոչարյանը կվերադառնա Նյու Յորք, բայց արդեն հիմա մտածում է գարնանը դարձյալ Արցախ գնալու մասին: Վերադառնալու է նոր ծրագրերով ու գաղափարներով լեցուն ու արդեն քննարկում է Ստեփանակերտի թատրոնի միջազգային հյուրախաղերի հնարավորությունը. այս շարքում առաջինը Ռուսաստանն է, ապա՝ Եվրոպան ու Միացյալ Նահանգները: