Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:
Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:
Դրանից բացի, մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։
Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։