Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովը կքննարկի նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:
Հարցը 4 կողմ և 1 դեմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Մանուկյանը ներկայացրեց ընտրվելու դեպքում իրականացնելիք ծրագիրը:
«Մասնագիտական փորձառությունն ու կոմպետենտությունը, որը ես ունեմ, հիմք է տալիս ենթադրել, որ կկարողանամ նպաստել արդեն իսկ կայացած ինստիտուտի հետագա շարունակական կատարելագործմանը»,- ասաց Մանուկյանը:
Մշտական հանձնաժողովը նաև քննարկեց և ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2021 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը ստացել է 16 հարցում, որից 5-ը պատգամավորական, 2-ը խմբակցություններից և 9-ը՝ մշտական հանձնաժողովներից:
Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 60 հարցում: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել և ՀՀ Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներիn է տրամադրվել 153 տեսակի տեղեկանք:
Պատգամավորները նաև հաստատեցին քաղաքացիների ընդունելության 2021-2022 թվականների տարեկան ժամանակացույցը: