Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների նկատմամբ հանրության անվստահությունը սնող միֆերը շարունակում են տարածվել ու նորանոր զարգացումներ ստանալ: Դրանցից մեկն էլ այն է, թե պատվաստումները կարող են բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական առողջության վրա և դառնալ անպտղության պատճառ:
Երևանի կենտրոնում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին՝ գրեթե բոլորը լսել են խիստ անցանկալի այդ հեռանկարի հավանականության մասին: Շատերի խոսքում էլ կարմիր թելի պես անցնում է այն համոզմունքը, որ դեռևս վաղ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելը, ու որ այն բավարար չափով փորձարկված չէ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական անգամ պատասխանել է քովիդ 19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ հանրությանը մտահոգող հարցերին: Անդրադարձել է վերարտադրողական առողջության վրա դրա ազդեցությանը, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում պատվաստանյութը մշակելուն ու կիրառելուն:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Պատվաստումները, այդ թվում՝ քովիդ-19-ի դեմ պատվաստումը, որևէ կերպով չի անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Չկա գեթ մեկ հետազոտություն, որը նման պնդում կարող է անել:
Մարդկանց նաև հետաքրքրում է, թե եթե նախկինում տարիներ էին անհրաժեշտ պատվաստանյութը ստեղծելու և կիրառելու համար, ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին դրանք շատ ավելի կարճ արտադրական ցիկլերով են անցնում: Կյանքը զարգանում է, տեխնոլոգիաները զարգանում են: Եվ դա չի նշանակում, որ փորձարկումների որևէ փուլ չի իրականացվել:
Առողջապահության նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ չպատվաստված, հակացուցումներ չունեցող անձինք, որոնք հղի չեն, աշխատանքի ներկայանալու թույլտվության համար հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ՊՇՌ հետազոտության միջոցով հավաստեն, որ կորոնավիրուսով վարակված չեն: