ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ այցելել է Մալիշկա համայնք, որտեղ շուտով մեկնարկելու են «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները:
Ներկաները ծանոթացել են կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքներին, որտեղ հյուրերին ներկայացվել է դասընթացների մեկնարկին առնչվող ծրագրային դրույթները, ինչպես նաև քննարկվել են մարզում դասընթացների կազմակերպման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:
Կենտրոնի կողմից նախաձեռնած ծրագիրն ուղղված է ժամանակակից ծրագրերի, տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների օգնությամբ երիտասարդների շրջանում ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը:
Այս տարի Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքվել է Համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ուսուցողական այս նախաձեռնությունն արդեն իսկ իրականացվում է Եղեգնաձոր և Վայք քաղաքներում և շուտով հասանելի կդառնա նաև Մալիշկայի երեխաների համար: