Սեպտեմբերի 19-ին Սևանի երկայնքով առաջին անգամ կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Մասնակիցները կանցնեն ավելի քան 40 կմ:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ են, իսկ երկրորդում՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Կլինի 80 մրցանակակիր՝ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1-միլիոնական դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։
Սերգեյ Աբրահամյան (ԿԳՄՍՆ ֆիզիկական դաստիարակության և զանգվածային սպորտի բաժնի պետ) - Դրամական մրցանակներով կպարգևատրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակիցները, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացողներին կտրվեն հավաստագրեր: Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 300 դիմում: Ամփոփվում են դեռ տվյալները, և կարծում ենք, որ թիվն ավելանալու է:
Ոստիկանությունից տեղեկացնում են՝ մրցարշավին մեքենայով կարող են մոտենալ մինչև ժամը 10.00-ը, այնուհետև, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ճանապարհային երթևեկը փակ կլինի մինչև ժամը 19.00-ը:
Այսպիսով՝ փակ կլինի Մ14 միջպետական ճանապարհի Շորժայի գնացքի կայարանից մինչև Մ4 և Մ14 միջպետական ճանապարհների հատման խաչմերուկը, հանրությանը հայտնի որպես Ծովագյուղի խաչմերուկ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում սահմանափակվելու է Մ4 միջպետական ճանապարհի Ծովագյուղի խաչմերուկից մինչև Սևանի թերակղզի ճանապարհի ձախ հատվածը, և երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտում:
Էդգար Պետրոսյան (ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ) - Ճանապարհները ոչ միայն փակվում են, այլև այդ փակ հատվածներում կատարվում են նաև մաքրման աշխատանքներ, որպեսզի տրանսպորտային միջոցներ չլինեն: Ոստիկանական մեծաքանակ վերակարգ է լինելու, հատվածներն արդեն որոշվել են՝ որտեղ կիրականացնեն:
Սպորտն ու առողջ ապրելակերպը ավելի մասսայական դարձնելու համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է անցկացնել նմանատիպ չորս ոչ պրոֆեսիոնալ մրցաշար, հեծանվավազքից բացի նաև՝ վազք, սեղանի թենիս և լող։