ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Սասուն Խաչատրյանն այսօրվանից նոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախարարական կաբինետին ներկայացրեց մրցույթի արդյունքը՝ առաջադրված երեք թեկնածուից ամենաբարձր միավորը հավաքել է հենց Խաչատրյանը:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Առաջարկվել է ՀՔԾ պետի թեկնածությունը, խնդրում եմ հաստատել:
ՀՔԾ պետի պաշտոնը Խաչատրյանը զբաղեցնում է 2018-ի հունիսից: Հիմա՝ միասնական նոր մարմնի ստեղծմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահ է՝ մասնագիտական կառույցի գոյությունն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ու քննությունը: Օրենքով քննչական մարմինը նաև օպերատիվ-հետախուզական գործառույթ կստանա՝ սա էլ շեշտեց Խաչատրյանը, մանրամասնեց ձևավորման ժամկետները:
Սասուն Խաչատրյան (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ) - Կսկսի գործել առավելագույնը մեկ ամիս և 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում դեռևս չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի: Իսկ ամբողջական կսկսի գործել եկող տարվա սկզբից:
Խաչատրյանի թեկնածությունը դրվեց քվեարկության, նախարարական կաբինետը միաձայն ընդունեց որոշումը:
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ ԵՎՍ 357 ՄԼՆ ԴՐԱՄ
Օրակարգային մյուս հարցով գործադիրը 357 մլն դրամ հատկացրեց 4 մարզում 15 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: Տարածքային կառավարման նախարարի խոսքով՝ դրանցից 5-ը քննարկվել ու հաստատվել էին դեռ 2020-ին, մնացած 10-ն էլ՝ այս տարի:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 15 ծրագրերն իրականացվել են համայնքների բյուջեների հաշվին, և ներկայումս պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Սանոսյանը նաև մանրամասնեց՝ ծրագրերից 3-ը Արմավիրի մարզում են, 4-ը՝ Գեղարքունիքում, 5-ը՝ Կոտայքում, 3-ն էլ՝ Լոռիում:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԵՑԻՆ
Զեկուցվող վերջին հարցով էլ նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց բարձրացնել օլիմպիական մեդալակիրների, մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրումների չափը:
Օլիմպիական արծաթակիրներն էլ կստանան 20 միլիոն՝ 15-ի փոխարեն, բրոնզ նվաճած մարզիկներն էլ՝ 15 միլիոն դրամ՝ 10-ի փոխարեն: Կավելանան նաև նրանց անձնական, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչների ու մեծահասակների թիմի բժիշկների պարգևատրումները:
ԱՄԱՆՈՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ
Օրակարգի 68 հարցից զեկուցվող էին ընդամենն այս երեքը, չզեկուցվողների շարքում գործադիրն այսօր հաստատեց ու խորհրդարան ուղարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել Նոր տարվա արձակուրդային օրերը: Ոչ աշխատանքային թողնել միայն՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը: Քերոբյանի գլխավորած գերատեսչությունում հաշվարկել են, որ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային դարձնելով՝ երկրում ՀՆԱ-ն կավելանա 88.6 մլրդ դրամով: