Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, և այս պահին էլ մենք պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ. Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանը, ըստ որի՝ չպատվաստված հանրային աշխատողները պիտի ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնեն:
«Ես վստահ եմ, եթե ամփոփենք սեպտեմբերը, մինչև հոկտեմբերի 1-ը այս ցուցանիշը 80 տոկոսից ավելի է: Պետական ապարատը առանց հարկադրանքի սպասելու, իր պատասխանատվության մասնաբաժին իրականացրել է: Բայց ասեմ՝ անկախ այդ փաստից, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ իրենց մտահոգությունը առողջապահական ուղղություն ունի: «Մեր քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքը և առողջությունը պահպանելուն, ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության խնդիրը պահպանելուն: Եվ հաջորդը՝ տնտեսական անվտանգության, նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ կորոնավիրուսը դուրս է գալիս կառավարելիության շրջանակներից»,- ասաց նա: