«Իմ տունը քո տունն է»՝ տարիներ առաջ հայկական հեռուստատեսության սիրված հաղորդաշարերից էր: Արտաշես Քալանթարյանը հեռուստաեթերից խոսում էր մարդկային հարաբերությունների, հայկական ընտանիքի արժեհամակարգի մասին:
Գրող, հրապարակախոս, երգիծաբան, լրագրող Քալանթարյանը կդառնար 90 տարեկան: Նա կարողանում էր կենցաղային դրվագների միջոցով խոսել լուրջ հարցերի մասին:
Ալեքսանդր Քալանթարյան (Արտաշես Քալանթարյանի որդին) - Ինքը չէր ճնշում, չէր փաթաթում իր կարծիքը քեզ վրա, բայց ակամա անընդհատ դաստիարակում էր:
Հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր: «Մարաթոն», «Բացեք ձեր աչքերը», «Ինչու տրորեցիր ծաղիկները» ու այլ բազմաթիվ գրքերի, ստեղծագործությունների, պիեսների հեղինակը ստեղծագործում էր գիշերը՝ խոհանոցում: Ընտանիքը բազմանդամ էր, չուներ ստեղծագործելու այլ վայր: Նույնիսկ մանրապատում է գրել՝ «Իմ գրական խոհանոցը»:
Ալեքսանդր Քալանթարյան - Երբ որ մի սենյակ ունեինք, ստիպված խոհանոցում էր աշխատում, երազում էր երկու սենյակ ունենալ, որ մի սենյակում ինքն աշխատի, մյուսում ընտանիքը քնի: Երբ 2 սենյակ ունեցանք, 4 հոգի էինք, բնականաբար ինքը նորից ստեղծագործում էր խոհանոցում: Ասում էր՝ եթե մի սենյակում քո տեղը չունեցար, 4-5 սենյակում էլ չես ունենա:
Քալանթարյանը Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի՝ այն ժամանակ ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտներից էր:
Ալեքսանդր Քալանթարյան - Ինքը շատ նվիրված էր համալսարանին, շատ նվիրված էր մայր բուհին, գտնում էր, որ այստեղից է սկսել իր բուն գործունեության ամենակարևոր մասը:
Այսօր արդեն հարազատ ֆակուլտետում իր անունը կրող լսարան ու կրթաթոշակ կան:
Այստեղ 90-ամյակը նշեցին մրցույթի միջոցով: Քալանթարյանի գործերը վերլուծեցին ուսանողները: Լավագույն աշխատանքների համար սահմանվել էին մրցանակներ: Դրանք ուսումնասիրում էին ոլորտի մասնագետները, գրողի ընտանիքը:
Լսարանից այն կողմ՝ Արտաշես Քալանթարյան հոր, ընտանիքի անդամի մասին որդին առանց ժպիտի չի կարողանում պատմել: Այն սերը, հարգանքը, որ այսօր կա իրենց մեծ ընտանիքում, նաև Քալանթարյանի շնորհիվ է:
Հեղինակ՝ Անի Ավագյան