Գործադիրն ընդունել է որոշում՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
Ըստ հիմնավորման, Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, 6-օրյայի դեպքում` 24 աշխատանքային օր։
Այժմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալի, արտաքին տնտեսական գործունեության, տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 5 լրացուցիչ աշխատանքային օրվա դեպքում ՀՆԱ ծավալը կավելանա 88.6 մլրդ դրամով, Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:
Ակնկալվում է, որ արդյունքում կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական կազդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ ոլորտների վրա։