Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին:
Փոխվարչապետը խնդրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը վերաբերում է հանրային ծառայության ոլորտի աշխատակիցներին և այդ առումով ենթադրվող պատասխանատվությանը, այդ թվում՝ տուգանքներին, ՊՇՌ թեստերին: Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը.
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ իրականացվել է 6049 թեստ, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ:
Նորից պիտի շեշտեմ, որ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության և ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Օրինակ՝ երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է:
Սա ի՞նչ է նշանակում՝ որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում: Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված են 1860-ը, միայն վերակենդանացման 319 մահճակալից զբաղված են 289-ը:
Իհարկե, սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվող միտում է: Եվս մեկ միտում ենք գրանցում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել: Սա շատ կարևոր ցուցանիշ է:
Մենք դիտարկում ենք՝ Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի է անցյալ տարվա հետ, իր թեթևությամբ:
Այսինքն` COVID-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և առողջապահական համակարգին թույլ տալը՝ հասցնել հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:
Եվս մեկ հատկանշական բան. առջևում աշուն է, գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդացության աճ՝ սրտանոթային հիվանդություններ, շատ քրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են:
Բայց եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել COVID-19-ով հիվանդներին, դժվար է դառնում այլ հիվանդություններով մարդկանց բուժօգնություն տրամադրելը:
Դրա համար մեր հորդորն է, խնդրանքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավորինս կառավարելի շրջանակում պահենք հիվանդության տարածումը և թույլ տանք, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի:
Առիթը բաց չթողնեմ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր բուժաշխատողներին, ովքեր մեկուկես տարի է՝ օրուգիշեր պայքարում են հիվանդների կյանքի համար: Գիտեք, դժվար է ամեն օր բախվել նույն վիճակին. անգամ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, ովքեր կարծես էմոցիոնալ առումով շատ ավելի ամուր են, բայց բոլորը հոգեկան ուժերի սպառման եզրին են: Պետք է նաև այս կարևոր շեշտադրումն անենք:
Մենք խոսում ենք տարբեր մասնագիտությունների մարդկանց մասին և փորձում ենք նրանց իրավունքները շեշտադրել, ինչը շատ լավ է, կարևոր է, բայց ուզում եմ չմոռանանք նաև մեր բուժաշխատողներին:
Անցյալ տարի, երբ համավարակը նոր էր սկսվել, շատ հանրային աջակցության ալիք կար, որն իսկապես կարևոր է: Բայց քանի որ վարակի ընթացքը երկար է, չմոռանանք բուժաշխատողների վրա այս գերծանրաբեռնվածությունը և օգնենք, որ նրանք վերադառնան նաև այլ հիվանդությունների դեմ պայքարի իրենց առաքելությանը:
Հոկտեմբերի 1-ից, այո՛, ուժի մեջ է մտնում պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը: Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ:
Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը:
Նման ֆիլտր է, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը:
Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է:
Այո՛, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ, և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և, իհարկե, հակացուցում ունեցող քաղաքացիները:
Մի փոքր նշեմ հակացուցումների մասին: Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք: Լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ: Եթե, օրինակ՝ քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել:
Երբ սրման ընթացքը կանցնի, նա արդեն կարող է հանգիստ պատվաստվել, և հենց առաջինը նրան է ցուցված պատվաստվելը: Մեր հոգածության կենտրոնում նաև ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են: Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների:
Հրամանում որևէ տարբերակում դրված չէ, և բոլորը հավասար նույն կանոնի հետևանքները պետք է կրեն»:
Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար:
«Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները, որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը»,- ասել է փոխվարչապետը:
Առողջապահության նախարարը զեկուցել է, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է:
«Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,- նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված են քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը:
Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ COVID-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից:
«Առաջին հերթին, դա ուղղված է հենց նրան, որ մենք օրական 19 մահ չգրանցենք: Ցավալի մեկ փաստ էլ նշեմ՝ ընդհանրապես COVID-19-ի դաժանությունը նրանում է, որ այս մարդիկ օրերով, ամսով միայնակ հիվանդանոցի սենյակում պայքարում են իրենց կյանքի համար:
Իսկ մենք գիտենք, թե մեր՝ ընտանեկան շատ ուժեղ կապերի մշակույթի մեջ ինչքան ծանր է մենակ այս ընթացքն անցնելը: Հենց սրան է ուղղված մեր քաղաքականությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, պաշտպանելու մեր ուսուցիչներին, որոնք օրուգիշեր աշխատում են մեր երեխաներին կրթելու համար, պաշտպանելու մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր գիտնականներին, մեր բժիշկներին, բոլոր-բոլոր այն մասնագիտություններով աշխատողներին, որոնք իրենց պարտքը կատարելիս ստիպված են շփվել շատ մեծ քանակությամբ անձանց հետ:
Կարծում եմ, որ մեր հանրային պատասխանատվության և բարձր գիտակցության շնորհիվ պիտի շատ սահուն կերպով հոկտեմբերի 1-ից հետո էլ պատվաստումային գործընթացն անցնենք»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է:
Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով Հայաստանի Հանրապետությունն առաջնային տեղում չէ պատվաստված քաղաքացիների թվով:
«Սա խիստ մտահոգիչ է, և սրա հետևանքով մենք հայտնվում ենք տարբեր կարմիր գոտիներում, որի արդյունքում ավելի պակաս թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով Հայաստանի քաղաքացիներ են իրավունք ունենալու հեշտությամբ լինել աշխարհի տարբեր երկրներում: Իմ կոչը՝ հնարավորինս արագ պատվաստվել և զերծ պահել թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ շրջապատին վարակվելու հավանականությունից»,- ընդգծել է նա: