- Թող բոլորիս աչքը լույս լինի, ով կորցրել է՝ թող նորից մայրանա:
Բարի լուրը Զովունի՝ Հարությունյանների տուն է բերում բոլոր նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում էին Նարեկի լույս աշխարհ գալուն: Փոքրիկը ծնվել է ավագ եղբոր՝ Նարեկի զոհվելուց հետո: Ընտանիքը ցնծության մեջ է, ասում են՝ որդին վերածնվել է:
Գևորգ Հարությունյան (նորածնի հայրը) - Ջանս փշաքաղվում է, չեմ կարողանում բառերով ասեմ, թե ինչ կատարվեց մեր ընտանիքի հետ: Բոլորն ուրախացել են Նարեկի ծննդով:
Քրիստինե Մարտիրոսյան (ընտանիքի բարեկամը) - Եվս մեկ վերածնունդ Նարեկով, պետք է բաց տեղ լրացվի:
Նարեկի զոհվելուց հետո Գևորգի ու Դիանայի երկրորդ որդին՝ Վահանը, ծնողներին խնդրում էր համալրել ընտանիքը: Կարևոր չէ՝ տղա թե աղջիկ կծնվի, միայն թե տունը մանկան ճիչով լցվի:
Դիանա Հարությունյան (նորածնի մայրը) - Վահանս ուրախ է, հիմա ժպտում է: Ասում էր՝ քույր թե եղբայր, միայն թե մենակ չմնամ:
Ավագ որդու բացը լրացնելու ձգտումն ու Վահանի՝ քույր կամ եղբայր ունենալու ցանկությունն այնքան մեծ էին, որ Դիանան, անտեսելով բոլոր հնարավոր ռիսկերը, 19 տարվա դադարից հետո երրորդ անգամ մայրացավ: Էջմիածնի ծննդատան անձնակազմը հղիության առաջին իսկ օրվանից Դիանայի կողքին էր: Բժշկուհիներից մեկը նույնիսկ «գուշակել» էր՝ թե ով է լույս աշխարհ գալու:
Դիանա Հարությունյան - Գրիգորյան Վարդուհին միշտ ասում էր՝ Նարեկ ես ունենալու:
Կրտսեր Նարեկը եղբոր՝ Վահանի ծննդյան նվերն է, ասում են Հարությունյանները: Ընտանիքն այսուհետև երկու զավակի տարեդարձը մեկ օրում կնշի: Փոքրիկի ծննդից հետո Հարությունյանների տան մթնոլորտը փոխվել է. ընտանիքի անդամների դեմքին ժպիտ է հայտնվել: Տնից դուրս գալ չի հաջողվում՝ երեխան մագնիսի պես ձգում է, ասում է ընտանիքի հայրիկը:
Գևորգ Հարությունյան - Էն երեխաներս որ լաց էին լինում, տնից դուրս էի գալիս, բայց սա ուրիշ է:
Փոքրիկն արդեն բնավորություն է ցույց տալիս. հենց տեսախցիկն աշխատում էր՝ ձեռքը դեմքին էր տանում: Կարծես նկարվել չի սիրում՝ կատակում է մայրը. ավագ Նարեկն էլ չէր սիրում, նմանություններ շատ կան:
Դիանա Հարությունյան - Թե իր չարությունը, ինքն էլ գիշերները չէր քնում, պստիկն էլ չի քնում, մտածում եմ՝ իրեն եմ մեծացնում: Այդ ձևով ուզում եմ մխիթարեմ ինձ:
Հարությունյանները որդիներ կորցրած բոլոր ընտանիքներին նույն երջանկությունն են մաղթում: Իսկ իրենք դեռ կմտածեն չորրորդ, գուցե՝ հինգերորդ անգամ ծնող դառնալու մասին: