ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն այս անգամ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե է հրավիրել անդամ պետությունների ղեկավարներին: Նրանք մասնակցելու են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դուշանբեի միջազգային օդանավակայանում դիմավորել են Տաջիկստանի վարչապետն ու Արտաքին գործերի փոխնախարարը։ ՀԱՊԿ Հավաքական խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին Հայաստանն ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Կառույցի անդամ երկրների կանոնադրական մարմինների հաջորդ նիստերը կանցկացղվեն Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, իսկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ 2022 թ. չորրորդ եռամսյակում:
Նեղ կազմով նիստի ժամանակ Հայաստանի վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, շեշտել՝ կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ: Ինչպե՞ս ենք մենք պատրեկացնում այդ նպատակին հասնելը. երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհով, ինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:
Ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին և չնայած մեր գործընկերների ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերին: Այդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը:
Արդեն ընդլայնված նիստում վարչապետը շեշտել է՝ անհրաժեշտ է արդիականացնել ՀԱՊԿ հավաքական ուժերը, համալրել անօդաչու կազմավորումներով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այլ միջազգային կազմակերպությունների հետ գործակցության ընդլայնման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը: Մեր կարծիքով՝ նման հարցեր լուծելիս մենք կարող ենք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա: Հայաստանի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Հաջորդ տարի մենք միասին կնշենք Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում: Սպասում ենք կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին Երևանում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ընթաքում Ռուսաստանի նախագահը, որը նիստին ինքնամեկուսացված լինելու պատճառով միացել է հեռավար կարգով, շեշտել է՝ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և անդամ երկրների արտաքին սահմաններին ոչ միայն անկայուն է, այլ նաև բերում է երկրների անվտանգության համար նոր լուրջ մարտահրավերներ և ռիսկեր:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համակարգումն ու համախմբվածությունն, առավել քան երբևէ, անհրաժեշտ են: Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել ՀԱՊԿ-ի պաշտպանական և քաղաքական ներուժը լիարժեք օգտագործելու` մեր երկրներում անվտանգություն ապահովելու, խաղաղություն և կայունություն պահպանելու համար:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստի մեկնարկին հայտարարել է Տաջիկստանի նախագահը:
Էմոմալի Ռահմոն, Տաջիկստանի նախագահ - ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերազինման ծրագրի ընդունումը շատ կարևոր է: Ընդլայնվել են շփումները միջազգային կազմակերպությունների հետ, ՀԱՊԿ-ը լայնորեն ներկայացվել է միջազգային հարթակներում։ Կազմակերպությունը նաև որակապես առաջ է շարժվել խաղաղարար ներուժի զարգացման գործում։ Շնորհակալ եմ ՀԱՊԿ անդամ պետություններին՝ համատեղ աշխատանքի համար։
Կառույցի նախագահությունն ստանձնելուց հետո Հայաստանի ղեկավարն առաջարկել է Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ անցկացնել՝ երիտասարդ սերնդի հետ աշխատանքի հաստատման համար: Իսկ առաջիկայում Տաջիկստանում անցկացվելու են ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան