Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանի մեղադրանքը լրացվել է։
Մալախյանն այժմ մեղադրվում է կաշառք պահանջելու համար՝ 4 դրվագով:
ՀՔԾ-ն երեկ նրան կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր առավոտյան դատարանը մերժել է: Այս մասին «Լուրերին» հայտնեց Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ:
Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինե Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:
Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինե Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել: