ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառե՞լ են ամերիկյան տեխնոլոգիաներ:
Եվրախորհուրդը «Գորշ գայլեր» շարժումը ներառել է ահաբեկչական խմբերի ցանկում: Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունն արգելող հրամանագիրը: Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրականություն և ատելություն ու մասնակցում բռնի գործողությունների։