Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է սահմանային զարգացումներին:
Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի զինծառայողները Որոտան գյուղի հարակից ճանապարհահատվածում ստուգում են իրանցի վարորդների փաստաթղթերը և նրանց տրանսպորտային միջոցները՝ Մարիա Զախարովան ասել է.
«Այս զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը: Տվյալ հարցով ռուսական կողմի առաջարկները փոխանցվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերին: Մենք սպասում ենք պատասխանի՝ հետագա գործընթացներն ուղենշելու համար:
Զուգահեռաբար, մենք կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ»։
Անդրադառնալով Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցվել է պաշտոնական Բաքվին:
«Մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Զախարովան: