Շաբաթվա վերջին՝ սեպտեմբերի 18-ին, առաջին քննություններով կսկսվի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որը աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար է խոստանում:
Փորձնական գործընթացն այս տարի վերաբերում է միայն 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ և երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» դասավանդող ուսուցիչներին:
Քննական առաջին օրը կստուգվեն բնագիտական առարկաները դասավանդող ուսուցիչների գիտելիքները:
Արսեն Բաղդասարյան (ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Այս տարի առաջին անգամ նախարարությունը փորձարկում է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման գործընթացը, և մայիսի 3-ից արդեն ուսուցիչները հայտեր էին ներկայացնում: Հայտերի ընդունումն անցկացվեց երկու փուլով, որի արդյունքում շուրջ 1400 ուսուցիչ հայտ ներկայացրեց մասնակցելու կամավոր ատեստավորմանը:
Ուսուցիչների առարկայական գիտելիքները կստուգվեն Երևանում՝ չորս դպրոցում ձևավորված քննական կենտրոներում:
Ուսումնական այդ հաստատությունների ընտրության հարցում տեղի է ունեցել որոշակի փոփոխություն՝ համավարակով պայմանավորված: Եթե ավելի վաղ նախատեսվում էր, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի Երևանի թիվ 46, 189, 190 և 170 դպրոցներում, ապա այժմ 170-րդ դպրոցի փոխարեն քննական կենտրոն կդառնա թիվ 118-ը:
Արսեն Բաղդասարյան - Ինչու ենք ընտրել այդ ուսումնական հաստատությունները, որովհետև հաշվի են առնվել թե՛ տարածքը, թե՛ կայանատեղիների խնդիրը, որպեսզի հարմարավետ լինի, ինչպես նաև դրանք քննական կենտրոններ են, որոնք միասնական քննությունների ժամանակ մշտապես քննական կենտրոն են եղել և ավելի պատրաստված են ու կարող են անխոչընդոտ կազմակերպել գործընթացը:
Հաշվի առնելով, որ քննական կենտրոնների տեղակայման վայրի փոփոխություն է եղել, կփոփոխվեն նաև ըստ կենտրոնների նախանշված քննական առարկաները:
Արսեն Բաղդասարյան - Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից են կազմակերպվելու քննությունները, և ուսուցիչների խմբերը բաժանվել են ըստ առարկաների, և կախված նրանից, թե տվյալ քննական հաստատությունում քանի քննական սենյակ կարող է լինել, և քանի ուսուցիչ կարող են մեկ օրում ընդունել, արդեն կընտրվի՝ որ առարկան որ քնական կենտրոնում կլինի:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր քննական կենտրոնում կձևավորվի 2-3 քննական սենյակ, իսկ յուրաքանչյուր սենյակում քննություն կհանձնի մոտ 40 ուսուցիչ:
Քննությունից առաջ ուսուցիչները Գնահատման և թեստավորման կենտրոնից, իրենց էլեկտրոնային փոստով, կստանան անհրաժեշտ անցաթղթերը:
Արսեն Բաղդասարյան - Այնտեղ անպայման կնշվի ուսուցչի անուն-ազգանունը, առարկան, քննական կենտրոնը՝ որտեղ է անցկացվելու: Բոլոր տվյալները իրենք կունենան առաջիկայում:
Հավելյալ վարձատրության իրավունք կստանան 80 տոկոս և ավելի արդյունք ապահոված ուսուցիչները: Նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հիշեցնում է, որ քննությունների արդյունքները անվանական չեն հրապարակվելու: Կհանրայնացվեն գործընթացին վերաբերող միայն թվային տվյալներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան