ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԽՄԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 14-ին Ժնևում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուերի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Սիրիայում մարդասիրական վիճակը: Այդ համատեքստում վերանայվել են Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության ամրապնդման պրակտիկ ասպեկտները:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Հումանիտար ճգնաժամն ահագնացող չափերի է հասնում Աֆղանստանում: Երկրի արտգործնախարարը միջազգային հանրությունից մարդասիրական օգնություն է խնդրել: Այնտեղ քաղաքական ճգնաժամի մասին լուրեր են տարածվում: Լրատվամիջոցները հայտնում են՝ Աֆղանստանի փոխվարչապետ Մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը զոհվել է շարժման այլ բարձրաստիճան ներկայացուցչի հետ փոխհրաձգության պատճառով։ Բարադարը, որը Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Թալիբանի» քաղաքական գրասենյակի ղեկավարն էր, վերջերս էր նշանակվել Աֆղանստանի փոխվարչապետ, մի քանի օր է՝ հանրության առջև չէր հայտնվել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Քաբուլում իշխանության բաժանման պատճառով ներքին հակասություններ են առաջացել «Թալիբանի» ներսում։ Շարժումը հերքում է փոխվարչապետի մահվան մասին լուրերը:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա մաֆիոզ հանցախումբը հոգեբանական պայքար է վարում Վրաստանի բնակչության դեմ. այս կարծիքին է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ասել է, որ երկրի նախկին ղեկավարը, չնայած բոլոր խոստումներին, չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, բայց եթե նա դրա համարձակությունն ունենա, ոստիկանությունը կձերբակալի նրան հենց օդանավակայանում: Սեպտեմբերի 6-ին Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ հայտնել էր հոկտեմբերի 2-ին՝ ութ տարի անց, հայրենիք գնալու մասին՝ ՏԻՄ ընտրություններին հետևելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդանալու և այդ վարակից մահանալու դեպքերի թվերը հասել են անցած ձմռանը գրանցված մակարդակին՝ օրական միջինը 170 հազար նոր վարակակիր և 1800 մահ՝ հայտնում է կառավարությունը: ԱՄՆ-ում նման ալիքը բացատրում են COVID-19-ի նոր՝ «դելտա» շտամի տարածմամբ և ամերիկացիների մի մասի պատվաստված չլինելու հանգամանքով։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 600 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինային 600 միլիոն եվրո հատկացնելու որոշումը: Սա Կիևին տրվող մակրոֆինանսական երկրորդ տրանշն է: Ուկրաինան ավելի վաղ հրաժարվել էր ԵՄ ֆինանսական աջակցությունից՝ երկրի արտաքին պարտքը չմեծացնելու պատճառաբանությամբ: