Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Այսօրվա նիստին վերաքննիչ բողոքով հանդես եկավ տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտը հիմնավոր և պատճառաբանված չէ:
Սեդա Սաֆարյան, տուժողների ներկայացուցիչ - Դատարանն ընտրել է, այսպես ասած, հանցագործության դեպքի հիմքով քրեական գործի քննությունը դադարեցնելու հիմքը, ինչը տուժող կողմի համար առաջացրել է ծանր հետևանքներ՝ այն առումով, որ տուժողները երկու անգամ՝ և՛ 2008-2009 թվականին, և՛ 2018 թվականին այս իրավիճակում զրկված են եղել իրավական պաշտպանական միջոցների արդյունավետ պաշտպանության իրավունքից։
Անդրադառնալով գործի քննությանը՝ նա նկատեց, որ 12 տարի մեղադրյալ են ներգրավվել անձինք, որոնք մինչև այսօր պատասխանատվության չեն ենթարկվել:
Սեդա Սաֆարյան - Պետության մեջ մենք այսպիսի ակտ չենք տեսնելու, երբ շարան-շարան շարադրում էին, որ կատարվել են այս արարքները, զոհվել են այսքան մարդիկ, տրորվել են այսքան մարդկային արժեքներ, և քրեական հետապնդումը դադարեցնել այդ մարդկանց նկատմամբ: Սա դասական անարդարության օրինակ է, և արդարադատության բուն էությունն այս ակտով խաթարվել է:
Սեդա Սաֆարյանն ասաց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պետք է բեկանվի, գործն ուղարկվի նույն դատարան՝ նոր քննության։
Այնուհետև մեղադրող դատախազների նախորդ նիստին ներկայացված բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին պաշտպանները: Մասնավորապես՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ առաջին ատյանը կայացրել է օրինական որոշում։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ անդրադարձավ դատախազների այն հայտարարությանը, որ դատական նիստը, որի ընթացքում դատավորը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել, ոչ իրավաչափ է եղել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի բացակայության պատճառով:
Միհրան Պողոսյան, Յուրի Խաչատուրովի պաշտպան - Եթե չկա այդ հոդվածը, չկա ամբաստանյալ, բնականաբար չկա նաև ամբաստանյալի պաշտպան։ Ու հիմա տպավորություն ստեղծել, թե իբր այս դատական նիստն իրավաչափ չի եղել, դա անհիմն է:
Պաշտպանի հայտարարություններն ընդհատեց Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ դրանք կապ չունեն բողոքների հետ: Ընդհատելու համար Սաֆարյանը նկատողություն ստացավ, իսկ որոշ ժամանակ անց լքեց նիստերի դահլիճը:
Սեդա Սաֆարյան - Այստեղ իրավաբանության հետ չկապված խնդիրն է քննարկվում, մարտի 1-ի գործի հետ կապ չունեցող։
Դատախազների բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան - Ձեր որոշման արդյունքում չպիտի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հակաիրավական է:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ անդրադարձավ Ալումյանի բողոքին՝ վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված 2 միլիարդ դրամ գրավը կամ նվազեցնել դրա չափը: Նա ասաց՝ պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ և այն ենթակա է մերժման։
Դատախազի հիմնավորմամբ՝ ավելի վաղ Վճռաբեկ դատարանը տվել է սպառիչ պատասխաններ։ Միևնույն ժամանակ, նա համաձայնեց, որ գրավի սահմանված 2 մլրդ չափը գերազանցում է վնասի հատուցման սպասելի շեմը, բայց հարգելով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գրավի չափը պետք է մնա անփոփոխ: Բողոքի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 15-ին։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան