Հանրային ռադիոյի Նվիրյալների ճեմուղին համալրվեց մեր մշակույթի ևս 2 երախտավորի՝ Հայրիկ Մուրադյանի և Սուրեն Ռշտունու պատվո հուշաքարերով: Նրանց անունը ռադիոյի Նվիրյալների պուրակում է համախմբել գործընկերներին, բարեկամներին ու ոլորտի պրոֆեսիոնալներին: Նախաձեռնության հեղինակները փաստում են՝ վաղուց ժամանակն էր արժանին մատուցել նրանց հիշատակին:
Հայրիկ Մուրադյանի՝ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվող 200-ից ավելի ձայնագրությունները միայն մի փոքրիկ մասն են նրա ահռելի ժառանգության: Մի ամբողջ կյանք՝ անգամ 90-ից հետո նա բանասացներից, ժողովրդական երգաստեղծներից հավաքեց, գրառեց և պարզապես կորստից փրկեց մեր երաժշտական մշակույթի գանձերը. ըստ էության՝ շարունակեց Կոմիտասի գործն ու դա վերածեց առաքելության:
Սուրեն Ռշտունին հայկական հեռուստատեսություն եկավ 1960-ականների վերջերին: Չնայած հեռուստատեսության հիմնադիր ռեժիսորների մեծ ավանդին, Ռշտունին իր սերնդակիցների հետ հենց ինքն ստեղծագործական այդ մեծ ընտանիքում ճանապարհ հարթեց իր և հեռուստառեժիսորների հետագա սերունդների համար:
Գրեթե կեսդարյա հեռուստատեսային կենսագրության ընթացքում նա ռեժիսորն ու համահեղինակը դարձավ ամենասիրված և դիտվող հաղորդաշարերի, այդ թվում՝ «Մեր լեզուն, մեր խոսքը», «Շաբաթ երեկո», «Կեսգիշերային ճեպընթաց», «Գարնանային պատմություններ», «Մենք ենք, մեր հայերը»:
Եվ վերջապես, առանց Սուրեն Ռշտունու դժվար էր պատկերացնել որևէ մասշտաբային ու համապետական միջոցառման հեռարձակում: Հիմա, երբ նրա հուշաքարն իր արժանի տեղը գտավ ռադիոյի ճեմուղում, ռեժիսորի դուստրը փաստում է՝ մեծ պատասխանատվություն է նրա անունը կրելը:
Կողք-կողքի ոչ միայն ազգային արժեհամակարգին հավատարմությամբ, այլև սերունդների համերաշխության օրինաչափությամբ նոր հուշաքարերն այսօրվանից կհարստացնեն Նվիրյալների ճեմուղու մեծ անունների շարքը: