Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետի ու իրանական պետհամարանիշով մեքենաների բեռներն ստուգելու փաստին անդրադարձավ երկրի ղեկավարը: «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ 2020-ի դեկտեմբերին Հայաստանի Զինված ուժերի դիրքերը համապատասխանեցվել են Խորհրդային Միությունից ժառանգած սահմաններին, ու գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար: Ըստ վարչապետի՝ հենց այդ երկու հատվածում, որտեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս անկախ Հայաստանի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, տեղադրվել են ադրբեջանական հենակետներն ու ցուցանակները:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - 2020թ. դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ, քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ-ն ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավական բազայում:
Թեման շարունակելով՝ Փաշինյանը նորից հիշեցրեց 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ որի Շուռնուխի և Որոտանի սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Այս համատեքստում վարչապետը պարզաբանեց նաև, թե ինչու կառավարության նիստում նախ ինքն օգտագործեց ադրբեջանական Էյվազլի և Չայզամի տեղանունները, ապա դրանք ԱԱԾ հաղորդագրության մեջ հանդիպեցին:
Նիկոլ Փաշինյան - Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է այդ` իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով:
«Հայաստան» խմբակցության կապանցի պատգամավորն էլ հետաքրքրվեց՝ ճանապարհի վերահսկողությունը բանավո՞ր պայմանավորվածությամբ է անցել Ադրբեջանին: Փաշինյանն արձագանքեց՝ պայմանավորվածությունը բանավոր չի եղել, նախապատրաստվում էր եռակողմ հայտարարություն, որը, սակայն, չստորագրվեց: Գրիգորյանին այս պահին էլ ճանապարհի անվտանգությունն է հուզում, ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ զինված ադրբեջանցիները հայկական ավտոմեքենանները չեն կանգնեցնի կամ նորից հայկական գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվի՝ հարցրեց նա կառավարության ղեկավարին:
Աննա Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Այդ գյուղերում ու այդ մարդկանց համար մենք ֆիզիկական անվտանգություն ապահովելու խնդիր ունենք:
Նիկոլ Փաշինյան - Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու: Կա՞ն արդյոք ռիսկեր: Այո՛, կան, և Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:
«Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանն էլ նոյմեբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը հիշեցրեց, ըստ որի կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին պիտի հաստատվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը: Պատգամավորը հետաքրքրքվեց՝ որտեղո՞վ է անցնելու Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ասաց՝ մտավախություններ կան, որ նոր երթուղին կարող է շրջանցել հայկական վերահսկողության տակ մնացած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, նաև Շուշիի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Լիսագոր, Կանաչթալա գյուղերը:
Նիկոլ Փաշինյան - Գիտեմ, որ աշխատանքային քննարկումներ են եղել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Կմիանան նաև մեր մասնագետները, կձևակերպվի առաջարկ, այն կքննարկվի: Բնականաբար, քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ-ի շահերն առավելագույնս պաշտպանվեն:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետն էլ Էլինար վարդանյանը հիշեց: Ասաց դրանից անցել է 10 ամիս, բայց Ադրբեջանում պահվող հայ ռազամգերիների ճակատագիրը մնում է օդում կախված: Օմբուդսմենի՝ վերջերես հրապարակած զեկույցի ֆոնին, որտեղ ներկայացվում էր Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ եք անում օրակարագային այս հարցը լուծելու համար:
Վարչապետի խոսքով՝ վերջին տվյալով էլ 243 անձ կա, ում գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ: Ընդդիմադիր խմբակցությունից Գեղամ Նազարյանը հայտարարեց՝ հանդիպել են նրանց ծնողների հետ, լսել դժգոհություններ, որ մինչև հիմա իրենց հարցով զբաղվող հանձնաժողով անգամ չկա: Փաշինյանն արձագանքեց՝ այդ հարցն ինքն անձամբ է համակարգում ու պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով են ներգրավված: Նազարյանն էլ վրեդովվեց՝ իսկ արդյոք ժամանակն է այս խնդիրները թողած՝ Անկախության տոնը նշելու:
«Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան էլ վարչապետն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ շեշտեց, թե երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պետք է այդ խոսակցությունն սկսելու համար նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Վարչապետի կարծիքով՝ խոսակցությունը նախ պետք է լինի աշխատանքային, ապա կոնկրետ արդյունքներ ունենալու դեպքում՝ նաև հրապարակային: Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ հրապարակային պատրաստակամություն են ցուցաբերել՝ աջակցելու այդ գործընթացին: