Բժիշկը հարցուփորձ արեց, կասկածեց, որ ընկերության մի քանի աշխատակից կարող են ալերգիայի պատճառով պատվաստման հետ կապված խնդիրներ ունենալ: Ռիսկի չդիմենք՝ ասաց ու տվյալ քաղաքացիներին ուղղորդեց լրացուցիչ հետազոտության:
Հայկ Միլիտոնյան (պատվաստումային կետի պատասխանատու) - Հասկանալու համար ալերգիայի պատճառները՝ նրանց ուղղորդեցինք բժշկական հաստատություն՝ ինչ-որ անալիզներ հանձնելու՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է, որովհետև ալերգիան իր սուր կամ ոչ սուր վիճակում պատվաստման հակացուցում է:
Ովքեր հակացուցում չունեին, պատվաստվեցին: Կոլեկտիվ պատվաստումը Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում էր իրականացվում:
Գայանե Սահակյան (ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Ապրիլից, մենք բազմաթիվ նման օրինակներ ենք ունեցել, որ կոլեկտիվները, կազմակերպությունները դիմել են, մենք շարժական պատվաստումային թիմերով, ջոկատներով այցելել ենք տվյալ կազմակերպություն և պատվաստումներ ենք արել:
Հոկտեմբերի 1-ին ընդառաջ, ըստ Գայանե Սահակյանի, տարբեր կազմակերպություններ առավել հաճախ են սկսել դիմել նախարարությանը՝ կոլեկտիվ պատվաստման խնդրանքով: Առողջապահության նախարարի հրամանի հանաձայն՝ հոկտեմբերի 1-ից պարտադիր է դառնալու պատվաստված լինելը կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելը՝ բացառությամբ հղիների և պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողների:
Գայանե Սահակյան - Բավականին մեծ թվով կազմակերպություններ են այսօր դիմում: Ասեմ, որ նաև մենք արել ենք միկրոպլանավորում՝ Երևանում և մարզերում՝ համապատասխան բուժհաստատություններին, որպեսզի հերթեր չգոյանան, կարողանանք ժամանակամիջոցը ճիշտ օգտագործել և բոլորին բավարարել, կցագրել ենք պոլիկլինիկաներ, լրացուցիչ պատվաստումային ջոկատներ են արդեն ստեղծվել:
Պատվաստումային ջոկատները տանում են այն պատվաստանյութերը, որոնցով տվյալ կազմակերպության աշխատակիցները պատվաստվելու ցանկություն են հայտնել:
Տվյալ հյուրանոցում աշխատակիցների 80 տոկոսը ընտրել է պատվաստվելու տարբերակը: Մնացած աշխատակիցները նախընտրում են 2 շաբաթը մեկ թեստ հանձնել: Գործատուն հիշեցնում է. ոչ ոքի ոչինչ չեն պարտադրել, պարզապես հոկտեմբերի 1-ից աշխատել չեն կարողանա կանոններին չենթարկվողները:
Աննա Հակոբյան (հյուրանոցի մենեջեր) - Բոլորին ինֆորմացվել է էն մասին, որ մինչև հոկտեմբերի 1-ը բոլոր աշխատակիցները պետք է արդեն պատվաստված կամ թեստավորված տարբերակով մուտք գործեն աշխատավայր: Իհարկե, աշխատակիցներին տրվեց ընտրության հնարավորություն:
Պատվաստվեցին, խորհուրդներ ստացան, անցան իրենց աշխատանքին: Պատվաստումից հետո առաջիկա 3 ժամը ցանկալի է չծխել, 2-3 օրը՝ ալկոհոլ չօգտագործել և խուճապի չմատնվել հետպատվաստումային ռեակցիաներից: