Եկեք օրինակ բերենք. դուք լրագրող եք, պարբերաբար ստանում եք հայերեն տեքստեր, որ պետք է թարգմանեք շատ արագ 5 տարբեր լեզուներով և ուղարկեք խմբագիրներին, որ շուտ թողարկվի:
Ապա այս բոլոր քայլերը միավորող ավտոմատացման նոր հայկական Hexomatic հարթակը ցույց տվեց՝ 5 լեզվով թարգմանության համար գործողությունները կարելի էր անել մի քանի րոպեում, համակարգն էլ հաշվեց՝ խնայեցինք մեկ ժամից ավելի: Թարգմանելուց բացի կարելի է տեքստերը դարձնել ձայնագրություն և հակառակը:
Ստեփան Ասլանյան (Hexact ընկերության հիմնադիր տնօրեն) - Նաև ինչ-ինչ պատճառով ուզում եմ էդ տեքստերը լսեմ, ասում եմ՝ տեքստերը որ կան՝ անգլերեն վոյս սարքի, ընտրում եմ տեքստ թու սփիչ, ընտրում եմ նաև, որ խոսի կանացի ձայնով:
Կարելի է նաև նշել որևէ կայքի հասցե, ու համակարգն ինքնուրույն կընտրի տեքստը, կթարգմանի, արդյունքը թույլ կտա ներբեռնել: Hexomatic-ով կարելի է ստեղծել սեփական գործիքները՝ բոտերը՝ ցանկացած կայքից օգտատիրոջն անհրաժեշտ տվյալներ հանելու համար, ինչպես նաև 40-ից ավելի պատրաստի ավտոմատացումների արդյունքում խնայել տարբեր ժամանակատար, կրկնվող պրոցեսների վրա ծախսվող ռեսուրսները և ժամանակը: Առանց ծրագրավորման գիտելիքների, օրինակ, կարելի է ավտոմատացնել տարբեր կայքերում վաճառվող ապրանքների գների թարմացումը, վերածել ցանկացած փոխարժեքի կամ կրպիտոարժույթի, հաշվել ռիսկային տոկոսներն ու ուղարկել օգտատիրոջը:
Hexomatic-ի ավտոմատացման գործիքներով կարելի է մեծ ծավալի տեղեկություններ հավաքել տարբեր կայքերից, ուղարկել այլ տիրույթներ. միաժամանակ ստուգել մեծ քանակի էլեկտրոնային հասցեները, ավտոմատ տարբեր տեղեկություններ հանել, օրինակ, Գուգլի որոնողական համակարգից: Հենց այս աննախադեպ գործիքով էլ կարողացել են դառնալ Գուգլի գործընկերը:
Ստեփան Ասլանյան - Չեմ կարող շատ գաղտնիքներ բացել, բայց շատ սերտ համագործակցում ենք նաև Գուգլի հետ, մեր ամբողջ համակարգը կիրառվում է «Գուգլի» քլաուդում:
Հայկական ընկերությունը մտադիր է նաև ներդրումներ ներգրավել, թիմում փնտրում են նոր ծրագրավորողների: