Վրաստանում Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն ակտիվ շարունակվում են: Օրերս Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տարածեց՝ Խաչի լեռնանցքի տակ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման աշխատանքներն են արդեն մեկնարկում, որը թույլ կտա կրճատել դեպի «Վերին Լարս» անցակետ հասնելու ժամանակը:
Ջոնի Մելիքյան (վրացագետ) - Մեկ ժամով կկրճատեն ամենավտանգավոր հատվածը՝ դեպի Ռուսաստանի սահման դուրս բերող, ու դա հնարավորություն կտա մաքսիմալ օգտագործելու այս ճանապարհը ձմռանը, երբ շաբաթներ կամ ամիսներ փակ էր լինում:
Այս թունելի կառուցումը Կոբի-Քվեշեթի ճանապարհի կառուցման մի մասն է, իսկ ծրագրի մեկնարկը տրվել է դեռևս 2019 թվականին: Նախագծի շրջանակում կկառուցվի 22,7 կմ երկարությամբ ճանապարհ: Վրացական իշխանությունների հիմնական նպատակը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի վտանգավոր հատվածի շրջացումն է:
Նախատեսվում է 6 կամուրջ ու 5 թունել կառուցել, ինչն, ըստ Ջոնի Մելիքյանի, մեր տարածաշրջանում աննախադեպ նախագիծ է, որն իհարկե առաջին հերթին Վրաստանին է պետք, բայց շահող է դուրս գալու նաև Հայաստանը։
Ջոնի Մելիքյան - Կարելի է ասել, որ Վրաստանն իր մասով Լարսի խնդիրը լուծում է, այլ հարց է, որ պետք է նաև ռուսական կողմից մոդեռնիզացվի անցակետը, որը հնարավորություն կտա ավելի արագ սպասարկել ավտոմեքենաները:
Հայաստանի համար հարևան Վրաստանի Վերին Լարսի անցակետը ցամաքային ճանապարհով աշխարհի հետ կապվելու երկու ուղղություններից մեկն է: Մյուսը Իրանի տարածքն է, սակայն ապրանքների արտահանման և ներմուծման համար մեր երկիրը հիմնականում օգտվում է վրացական ճանապարհներից:
Վերին Լարսի անցակետով՝ հայկական պետհամարանիշներով, տարեկան առնվազն 10 հազար մեքենա է անցնում: Ջոնի Մելիքյանի խոսքով՝ նախագծի ավարտից հետո Վրաստանը մեքենաների սպասարկման ժամանակացույցը նվազագույնի է հասցնելու, հետևաբար կարող են օրական մի քանի հազար մեքենա սպասարկել:
Ջոնի Մելիքյան - Սակագների վրա կարող է ազդել, քանի որ խնդիրները, երբ լինում են, բեռնափոխադրումներն ավելի թանկարժեք են դառնում, ինչն իր ազդեցություն ունի սակագնի վրա:
Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է, այն բավական հաճախ է առաջանում հատկապես ձմռանը: Այլընտրանքային ճանապարհների բացակայությունը լոգիստիկ լուրջ խնդիրներ է ստեղծում նաև գործարարների համար, որոնց բեռները կարող են ամսով մնալ ճանապարհին: Լարսի՝ ձմռանն անանցանելի դարձող հատվածը շրջանցող թունելը շահագործման է հանձնվելու մոտ 3 տարուց:
Ջոնի Մելիքյան - Վրաստանը պայքարելու է, որ մեր բեռնափոխադրումներն իր տարածքով լինի, դրա համար պրոյկետներ են իրականացվում, որ Լարսի ճանապարհն անվտանգ շահագործվի:
Վրացական կողմը վստահեցնում է, որ շինաշխատանքները չեն խանգարի Լարսի գործող ճանապարհով բեռնափոխադրումներ կատարելուն:
Հեղինակ՝ Անի Օհանյան