Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:
«ՀՀ-ն ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոսեց նաև Կառավարության նիստի ընթացքում իր արտաբերած Էյվազլի և Չայզամի տեղանունների մասին ու նշեց, որ թեման քննարկումների տեղիք էր տվել:
«Դա արվել է մի պարզ պատճառով. որպեսզի ՀՀ-ի քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ ՀՍՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010 թվականի ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- ասաց Փաշինյանը: