Գյուղամիջում լսելի է կարի մեքենաների ձայնը՝ ինչպես աչքալուսանք: Կարի առաջին արտադրամասը Բագրատաշենի՝ վերջին ամիսների լավ նորությունն է: 44-օրյա պատերազմում զոհված կամավորականի մայրն առաջին աշխատողներից է:
Զմրուխտ Թազիյան (Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ) - Շատ լավ բան է, մարդիկ աշխատատեղ ունեն:
Այստեղ գործ միշտ կա, պարապ երբեք չեն մնում: 6 երեխաների մայր Մարինան կարուձևի փորձ ուներ, բայց տևական ժամանակ աշխատանք չէր գտնում:
Մարինա Խուդյան (Բագրատաշեն գյուղի բնակիչ) - Ինքս սովորել եմ կարուձև, տանն էի աշխատում, պատվերներով, իսկ հիմա մշտական գործ ունեմ:
Նման հնարավորություն են ստացել քսանից ավելի կանայք՝ Բագրատաշենից և մերձակա գյուղերից; Սկզբում ընդունվել են փորձառուները, հետո՝ սկսնակները; Մանկական հագուստ արտադրելու միտքը Սարգիսին ստիպեց գործի անցնել հենց պատերազմի օրերին; Մինչ այդ զբաղվում էր մանկական հագուստի թուրքական արտադրանքի վաճառքով: Հրաժարվեց՝ հօգուտ հայրենական արտադրության:
Սարգիս Ավետիսյան (ձեռներեց) - Պիտի զարգացնենք էս երկիրը, մենք սաղ սպասում ենք կառավարությունը, էս մի նախարարությունը մի բան անի, մենք պտի անենք, թող ամեն մարդ իրա գործով զբաղվի, ես ինչ փորձ, գիտելիք ունեմ, իմ ժամանակից ոչ մի բան չեմ ափսոսում, մեր ազգի տղերքը իզուր չեն զոհվել էս երկրի համար, չէ՞, մենք էլ մնացել ենք, ուրեմն պտի շարունակենք, որ լավ ըլնի, լավ ա լինելու:
Կարի մեքենաների թիվը 3-ից հասցրել է 18-ի, աշխատատեղերի հետ ավելացրել արտադրանքի քանակն ու տեսականին; Հեշտ չի եղել, բայց դժվարություններից խոսել չի սիրում; Նաև՝ հագուստի ձևավորման հեղինակն է: Սարգիսն ասում է՝ ընտրել է մանկական հագուստը, քանի որ այն ամենաբարդն է:
Սարգիս Ավետիսյան - Ամենաբարդից եմ սկսել, անընդհատ դետալ ա փոխվում, մոդել ա փոխվում; Շաբաթը 5 տեսականի ենք ստանում, չի կրկնվում ոչ մեկը:
Կարում են 1-16 տարեկանների համար, սեղանին՝ աշնանային տեսականին է:
Սիլվա Թադևոսյան (Այրում քաղաքի բնակիչ) - էս սենյակում ստեղծվում են մեր փոքրիկ բալիկների հագուստները, թող մեր երեխեքը հագնեն մեր հայկական արտադրանքը:
Արտադրանքի իրացման խնդիր չունեն, միակ խոչընդոտը տարածքն է, մտադիր է ընդլայնել արտադրամասը՝ համալրելով նոր աշխատատեղերով, սակայն վարձակալած շինությունն այդ պայմանները չունի; Ասում է՝ մինչև հիմա չի դիմել կառավարության աջակցությանը, գուցե առաջիկայում դրա կարիքը զգա:
Սարգիս Ավետիսյան - Էս նեղ մեր վիճակին չեմ ուզի անհանգստացնել կառավարությանը; Ինձ մենակ տարածք է պետք, աշխատելու համար մեզ մոտ ցուցակագրված են, չեմ կարում իրանց վերցնեմ աշխատանքի:
Իսկ դա Սարգիսի համար սկզբունքային հարց է, ասում է, բիզնեսի տեսակետից գուցե տարօրինակ հնչի, բայց՝ ոչ թե շատ եկամուտ, այլ՝ շատ աշխատատեղ: