Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։
Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները:
Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու և արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։
Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։