Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա:
Քարտուղարը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և, ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ չնայած այս բարդություններին՝ Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը, և այս համատեքստում կարևորեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
ԱԽ քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը: