Կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ կհաղորդվի: Հայաստանի կառավարությունն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սկսում են «Հայաստանի բարեվարքության ծրագիրը»: Այն կաջակցի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և կնպաստի եղած հահակոռուպցիոն մեխանիզմների բարելավմանը, մասնավորապես՝ կառավարական օղակներում կոռուպցիայի բացառմանը:
Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Մենք իրոք հավատում ենք, որ կոռուպցիան համատեղելի չէ ժողովրդավար երկրի արժեքներին, լինի դա ԱՄՆ-ն, թե Հայաստանը: Չնայած տնտեսական, քաղաքական և առողջապահական ոլորտների լուրջ դժվարություններին, ես վստահ եմ, որ Հայաստանը կմնա ժողովրդավարական ուղու վրա: Մենք ունենք ընդհանուր արժեքներ հաշվետվողականության և թափանցիկության, ինչպես նաև կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հաստատման առումով»:
Ծրագրի իրականացման համար ԱՄՆ կառավարությունը 9.5 մլն դոլար կհատկացնի:
Առաջիկա 5 տարում կկենտրոնանա 3 հիմնական գործողության վրա՝
1. Ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտները և բարեվարքության համակարգերը:
2. Աջակցել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հատուկ իրավակարգավորման միջոցառումների իրականացմանը:
3. Իրազեկել ՀՀ քաղաքացիներին՝ կոռուպցիայի կանխարգելման գործող մեխանիզմների մասին:
Ջոն Ալելո (ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն) - Կոռուպցիայի դեմ պայքարը կազմված է երեք բաղադրիչից՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուցպայի դեմ պայքարին ուղղված ջանքերի խթանում և կոռուպցիոն դրսևորումների հետապնդում: Շատ ուրախ ենք գործակցել Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերում: Ի վերջո, դա կհանգեցնի ավելի ժողովրդավար հասարակության կայացմանը:
Կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը թվարկում է ոլորտում արձանագրված հաջողությունները, նշում՝ հանձնաժողովը 9000 պետական պաշտոնայայի գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություն է ստանում:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Առաջիկայում հանձնաժողովը նախատեսում է նաև ներդնել վերլուծության էլեկտրոնային նոր համակարգ, որի միջոցով պետական պաշտոն զբաղեցնող անձանց, վերջիններիս ընտանիքի անդամների ծախսերի, եկամուտների, հնարավոր շահերի բախման յուրաքանչյուր դեպք անմիջական ազդակ կլինի համակարգային կոռուպցիան, որպես երևույթ բացառելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը պետության առաջնահերթություններից է: Արդարադատության նախարարի տեղակալը կոմիտեի ձևավորումը շաբաթների հարց է համարում, իսկ դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերջնական որոշումն ակնկալվում է մյուս ամիս:
Սուրեն Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով արդեն իսկ կառավարություն են ներկայացվել կոմիտեի նախագահի թեկնածուները: Մեր գնահատմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նախագահը կնշանակվի: Նախագահի նշանակմամբ՝ սկսվելու է կոմիտեի ձևավորման գործընթացը:
Կոռուպցիայի դեմ ուղղված քայլերի շրջանակում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջիկայում հանրային քննարկման կներկայացնի նաև «Հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը»:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան