ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը և հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես առողջապահության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացման կարևորությունը:
Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու և դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար: