«Թալիբանի» բարձրաստիճան աղբյուրները BBC-ին հայտնել են, որ լուրջ հակասություն է սկսվել Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման առաջնորդների միջև:
Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Աբդուլ Հանի Բարադարը, որը «Թալիբան» շարժման հիմնադիրներից է, վիճել է փախստականների հարցով նախարար Խալիլ Ռահման Հաքքանիի՝ «Հաքքանիի ցանցի» նշանավոր ներկայացուցչի հետ:
Ըստ աղբյուրների՝ վեճի պատճառը Բարադարի դժգոհությունն է Աֆղանստանի նոր կառավարության կառուցվածքից:
Այլ տեղեկությունների համաձայն՝ վեճի հիմնական պատճառն այն է, թե ով պետք է համարվի «Թալիբանի» հաղթանակի գլխավոր ճարտարապետը: Ըստ այդ տվյալների՝ Բարադարը կարծում է, որ «Թալիբանի» իշխանության գալը բանակցությունների և դիվանագիտության մեջ ներգրավվածների, այսինքն՝ իր նման մարդկանց արժանիքն է: Մինչդեռ «Հաքքանիի ցանց» խմբավորման անդամները, որոնց ղեկավարում են բարձրաստիճան թալիբներ, կարծում են, որ ամեն ինչ պայմանավորված է իրենց ռազմական հաջողություններով:
«Հաքքանիի ցանցը» կապված է վերջին տարիներին Աֆղանստանի զինված ուժերի և նրանց արևմտյան դաշնակիցների դեմ իրականացված ամենաարյունալի հարձակումների հետ: ԱՄՆ-ը և Ռուսաստանը այն համարում են ահաբեկչական կազմակերպություն: Աֆղանստանի նոր կառավարությունում ներքին գործերի նախարար է նշանակվել «Հաքքանիի ցանցի» առաջնորդ Սիրաջուդդին Հաքքանին:
Թալիբների միջև հակասության մասին խոսակցությունները սկսվեցին անցյալ շաբաթ, երբ շարժման ամենահայտնի դեմքերից մեկը՝ Բարադարը, հանկարծ դադարեց հանրության առաջ հայտնվել: Սոցիալական ցանցերում նույնիսկ ենթադրություններ եղան նրա մահվան մասին:
Թալիբները պնդում են, որ որևէ հակասություն կամ վեճ չի եղել, և Բարադարը մեկնել է Քանդահար՝ հանդիպելու գերագույն առաջնորդի հետ, սակայն ավելի ուշ հայտարարեցին, որ «Բարադարը հոգնած է ու հանգստի կարիք ունի»: