Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը ևս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:
Կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժևորեց պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը:
Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվեցին որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների: