Մինչև ձմռան ցուրտ օրերի սկսվելը չորս մանկապարտեզ Չարենցավանում, երեքը՝ գյուղերում, արվեստի, երաժշտական ու մարզական դպրոցները, գյուղերի վարչական շենքերն ու Չարենցավանի քաղաքապետարանը կանցնեն արևային ֆոտովոլտային կայաններով էլեկտրաէներգիայի սնուցման:
Աշոտ Ծերունյան (Չարենցավանի տնտեսական զարգացման պատասխանատու) - Արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր գումարային հզորությունը կազմում է 260 կիլովատտ:
Մասնագետները հաշվել են՝ այս կայանների միջոցով հնարավոր կլինի համայնքային բյուջեի ծախսերը տարեկան կրճատել 27 միլիոն դրամով: Տնտեսված գումարը կծախսեն սոցիալական այլ ծրագրերի համար: Հիմա մտածում են քաղաքային լուսավորությունը ևս ապահովել արևից ստացված էլեկտրաէներգիայով:
Աշոտ Ծերունյան - Չարենցավանի դիրքը բարենպաստ է ծրագրի իրականացման համար: Մասնագիտական վերլուծություններ նախապես էին արվել: Արևային օրերի քանակը, որ 300-ից ավելի է տարվա մեջ, արդյունավետության կարևոր գործոններից է:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով արևային օրերով աչքի ընկնող Հայաստանի 27 խոշորացված համայնքներում ևս կտեղադրվեն արևային Ֆոտովոլտային կայաններ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով:
Արթուր Սողոմոնյան (ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն) - Այս փուլում յոթ մարզի 27 համայնքում նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց վրա, նախնական հաշվարկներով, կծխսվի մինչև 2 միլիարդ դրամ:
Ծրագրի պայման է՝ համայնքները ևս, թեև չնչին, սակայն ներդրում պետք է անեն՝ ասում է տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը:
Արթուր Սողոմոնյան - Համայնքները նույնպես մասնակցում են այդ ծրագրերի իրականացմանը և իրենց մասնակցությունը արտահայտվում է ընդհանուր արժեքի 5 տոկոսի չափով:
Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերում կայաններ կտեղադրվեն այն շենքերի տանիքներին, որոնցում էլեկտրաէներգիայի ծախսը մեծ գումարների է հասնում: