Հայաստանի համար Սլովակիան կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում, սլովակ գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և գիտության ոլորտները: Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շեշտել՝ տևական և համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող կարգավորված համարվել:
Ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների թեման արտգործնախարարները արդեն շարունակել են մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Սլովակիայի հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով: Երկկողմ տնտեսական գործակցության դեռ մեծ ներուժ կա, ընդգծել է նախարար Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Մասնավորապես միասնական ջանքեր ունենք գործադրելու, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացնենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ուղղություններով: Նախանշել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Արարատ Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համավարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, այնպես էլ՝ Արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Բրատիսլավայի որդեգրած դիրքորոշման համար:
Արարատ Միրզոյան - Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին: Մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող հայ քաղաքացիական անձանց չվերադարձին: Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿՈՉ
Միրզոյանն ու Կորչոկը անդրադարձել են նաև մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև այդ օրերին Բաքվի թույլ տված հանցագործությունների մասին: Արտգործնախարարները քննարկել են նաև Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների չկատարումը՝ մասնավորապես Բաքվում գտնվող հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հարցը, որոնց Բաքուն հրաժարվում է վերադարձնել:
Արարատ Միրզոյան - Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածության և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին։ Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Իվան Կորչոկը պաշտոնական այցով առաջին անգամ է Հայաստանում: Կորչոկը ևս շեշտում է՝ մեր երկրները տնտեսության ոլորտում գործակցության մեծ ներուժ ունեն, ինչին նպաստել է անցած տարի Հայաստանում բացված Սլովակիայի դեսպանատունը: Նախարար Կորչոկը խոսքով՝ թեև անցած տարի առևտրաշրջանառության աճ է գրանցվել, սակայն ցուցանիշը պետք է գերազանցել:
Իվան Կորչոկ (Սլովակիայի ԱԳ Նախարար) - Սլովակիայի «Վուե» ընկերությունն այժմ բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներում իր մասնակցությունն ունենալու համար: Այլ հնարավորություններ ևս կան:
ՍԼՈՎԱԿԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀՀ-ԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Որպես եվրամիության անդամ երկիր՝ Սլովակիան մեծապես սատարում է Հայաստանին կառուցվածքային բարեփոխումների գործընթացում, հայտարարել է Սլովակիայի արտգործնախարարը: Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գործակցության լավ հնարավորություն է Երևանի և Բրյուսելի հարաբերություններում:
Իվան Կորչոկ - Մենք գնահատում ենք Հայաստանի Կառավարության ծրագիրը և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու ջանքերը: Հուսով եմ՝ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում կիրականացվեն գործընթացներ, որոնք հաշտություն կբերեն:
Արտգործնախարար Կորչոկը կոչ է արել նաև լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները: Եթե խաղաղության հասնելու կամք կա, ցանկացած հակամարտություն լուծելի է, վստահ է Սլովակիայի գլխավոր դիվանագետը:
Իվան Կորչոկ - Որպես ԵՄ անդամ երկիր՝ շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմանները պետք է թույլ տան ականազերծում իրականացնել:
Պաշտոնական այցի շրջանակում Իվան Կորչոկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: