Պատվաստվե՞լ, թե՞ ոչ հարցը շատերին տանջում է՝ իմանալուց հետո, որ պատվաստվածներն էլ կարող են վարակվել կորոնավիրուսով, բայց մասնագետները փաստեր են ներկայացնում՝ արդեն ձեռք բերած փորձից. թեև պատվաստվածները կարող են վարակվել, հիվանդությունը նրանց մոտ ծանր ու ծայրահեղ ծանր ընթացք ունենալ չի կարող:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Այո՛, պատվաստումները արդյունավետ են: 60-70 տոկոսով հաստատ մարդուն պաշտպանում են ընդհանրապես ծանր դեպքերով բարդություններից, հոսպիտալացումներից և ավելի բարձր տոկոսով՝ ռեանիմացիա ընկնելուց և մահվան ելքով ավարտ ունենալուց:
Հայաստանի քովիդ կենտրոններից մեկի օրինակով փորձեցինք հասկանալ պատկերը: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժշկական գծով տնօրենը ներկայացրեց, որ մեկ ամսվա ընթացքում, այսինքն՝ այստեղ քովիդ բաժանմունքի վերաբացումից հետո ընդունված 700 վարակվածից 20-ը պատվաստված են եղել, բայց նրանցից ոչ ոք չի մահացել:
Արա Ղազարյան (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժշկական գծով տնօրեն) - Նրանցից միայն 5-ն են, որ ստացել են երկու դեղաչափն էլ, մնացածը կամ մեկ դեղաչափ են ստացել, կամ ընդհանրապես առաջինից հետո մի քանի օր հետո են հաստատվել ՊՇՌ թեստով: Բայց խնդիրն ուրիշ ա, խնդիրն էն է, որ իրանցից ոչ ոքի կորուստ չունենք՝ հուրախություն մեզ: Իրանք բոլորը, չեմ ասի՝ շատ թեթև, բայց միջին ծանրության ամենաբարդ դեպքերն են, և, իհարկե, անհամեմատելի ա գնում իրանց մոտ կլինիկական պատկերը:
Այս բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսվա ընթացքում հայտնվել է քովիդով վարակված ընդամենը 2 հիվանդ, որոնք պատվաստված են եղել, ասում է բժիշկը, բայց երկուսն էլ առողջացած դուրս են գրվել:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրենի տեղակալը վստահեցնում է, որ Հայաստանում չկա պատվաստված քաղաքացի, որ վարակված և մահացած լինի:
Գայանե Սահակյան - Եթե նման դեպք լինի, դա չես կարող փակել, և անմիջապես աղմուկը կտարածվի:
Կորոնավիրուսի այս ալիքը, ըստ մասնագետների՝ խիստ տարբերվում է նախորդներից: Պետք չէ սպասել համի ու հոտի կորստի, որպեսզի կասկածեք, թե վարակվել եք ու թեստավորվեք: Այս փուլի վարակվողների մոտ նման ախտանշաններ հիմնականում ի հայտ չեն գալիս:
Արա Ղազարյան - Ավելի արագ և ագրեսիվ է զարգանում շնչառական անբավարարությունը, չկան էն կլինիկական ախտորոշիչ բաները, երբ հիվանդները գանգատվում էին համի և հոտի կորստից, և կլինիկորեն իրանք ծանրանում են հիվանդության 4-րդ, 5-6-րդ օրը:
Այս պահին միայն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քովիդ բաժանմունքում ծայրահեղ ծանր է 39 վարակվածի վիճակ:
Գայանե Սահակյան - Երբ որ դու մտնում ես առավոտյան և տեսնում ես 40 ռեանիմացիոն հիվանդ, ու իրանք բոլորը ծանր են և ունեն խնդիրներ, քո մտքով անցնում ա՝ ինչի մինչև հիմա իրանք պատվաստված չեն: Դա էն խումբն ա պացիենտների, որ ի սկզբանե գիտեինք, որ իրանք ծանր են տանելու:
Գայանե Սահակյանը, խոսելով վերջին երկու օրերի տեղեկատվության մասին, մեջբերում է Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների կարծիքը. պատվաստված անձինք տասնապատիկ ավելի ապահովագրված են հիվանդության ծանր ընթացքից, մահվան ելքից:
Այս ցուցանիշները ԱՄՆ-ն ներկայացված են 175 մլն պատվաստվածի օրինակով: