Մինչև տարեվերջ խոշորացումների արդյունքում Հայաստանում կլինի 78 համայնք: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետի խոսքով՝ 2016 թվականից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, արդյունքում՝ 486 բնակավայրի միավորումից ձևավորվել է 54 համայնք: Աշոտ Գիլոյանի գնահատմամբ՝ համայնքների միավորմամբ կառավարումը ավելի արդյունավետ կլինի:
Աշոտ Գիլոյան (ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Արդյունավետ կառավարման արդյունքում մեր բնակիչները՝ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում ապրող, հնարավորություն կստանան ավելի շատ ծառայություններից օգտվել: Ցավոք սրտի, մեր հեռավոր շատ գյուղերում ծառայությունների մակարդակը շատ ցածր է, իսկ այդ վայրերում տեղական իշխանությունը իր ֆունկցիան չի իրականացնում, կա արդարացի դժգոհություն բնակիչների կողմից:
Նախարարության ներկայացուցիչը Լոռու մարզի Թումանյան համայնքի օրինակով խոսեց այն առավելություններից, որոնք կլինեն միավորման արդյունքում:
Թումանյան համայնքի վերջին գյուղը Աթան գյուղն էր, որտեղ որևէ ծառայություն չկար՝ ոչ աղբահանություն, ոչ լուսավորություն, ոչ մի բան, խոշորացումից հետո գյուղապետարանի երկու սենյակ բարեկարգվեց, և այն ժամանակ չորս երեխա հաճախեց մանկապարտեզ:
Իսկ միավորված համայնքի բյուջեից վճարվում է դաստիարակների աշխատավարձը, լուծվում երեխաների սննդի հարցը: Աշոտ Գիլոյանի խոսքով՝ նույն պատկերն է նաև մյուս միավորված համայնքներում՝ իրականացվում է կանոնավոր աղբահանություն, լուծվում է լուսավորության հարցը, միավորված բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում են ոռոգման և խմելու ջրի համակարգեր: Իսկ չմիավորված համայնքների դեպքում բյուջեի սուղ միջոցները թույլ չէին տալիս լուծել այդ հարցերը:
Այնուամենայնիվ, մի շարք բնակավայրերում մարդիկ դեմ են խոշորացմանը: Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների բնակիչներ ճանապարհ էին փակել՝ դեմ արտահայտվելով խոշորացմանը: Նախարարության ներկայացուցչի համար օհանավանցիների դիրքորոշումն անհասկանալի է:
Կառավարության հավանությանը արժանացած «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների փաթեթը քննարկվելու է խորհրդարանում: Օրենքների ընդունումից հետո բնակիչները համամասնական ընտրակարգով ավագանի կընտրեն: